ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ու Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը ճանաչողական այցեր են կատարել Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական և «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոններ։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը զբաղվում է գիտական և արտադրական գործունեությամբ, համագործակցում է տեղական դեղագործական ընկերությունների հետ։
Պաշտոնյաները շրջել են կենտրոնում, ծանոթացել լաբորատորիաների գործունեությանն ու արտադրական հնարավորություններին։ Ներկա պահին կազմակերպությունն արտադրում է 4 տեսակ դեղամիջոց և դեղահումք է արտահանում Ուկրաինա և Բելառուս։ Իրականացվում են ժամանակակից սարքավորումներով վերազինման աշխատանքներ։
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն արտադրում է «Էկոբիոֆիդ» կենսաբանական պրեպարատ՝ նախատեսված պարարտացման համար, «Նարինե» դիետիկ կաթնաթթվային մթերք՝ իր տեսականիով, սննդային և կոսմետիկ նշանակության յուղեր, տարաբնույթ ամինաթթուներ: Կենտրոնն ամբողջովին ապահովում է առկա պահանջարկը և ունի լրացուցիչ հզորություններ՝ արտադրության ծավալները ավելացնելու և արտաքին շուկաներ արտահանելու համար:
Այցի ընթացքում կենտրոնների ղեկավարության և աշխատակիցների հետ քննարկվել են արտադրության իրացման, ներդրումների ներգրավման հետ կապված մի շարք հարցեր։