Ազատ ոճի ըմբիշ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ:
Այսօր Անդրեասյանը կպայքարի ոսկե մեդալի համար՝ գոտեմարտելով 2017 թվականի աշխարհի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ:
Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը մրցել է մոլդովացի Նիկոլայ Գրամեզի հետ և 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարել: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Սելահաթին Կիլիչսալայանին, ապա քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Քևին Քրիստոֆեր Հենկելի նկատմամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար:
Վճռորոշ գոտեմարտում նա ուժերը կչափի գերմանացի Նիկլաս Ստեչելի հետ: Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավագյանն էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի բուլղարացի Միրոսլավ Ստեպանով-Կիրովի հետ և հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:
Այսօր պայքարը կսկսի Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ: Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) քառորդ եզրափակչում կգոտեմարտի կա՛մ Ֆրանսիայի, կա՛մ Մակեդոնիայի ներկայացուցչի հետ: 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Սերբիայի ներկայացուցիչ Հետիկ Ցաբոլովի հետ, իսկ 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի Վրաստանի ներկայացուցիչ Միրիանի Մայսուրադձեի հետ:
Երեկ պայքարի դուրս եկած Գևորգ Թադևոսյանը (65 կգ) լքել է պայքարը: