Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է, աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ ադրբեջանական կողմի վերջին գործողությունները կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել՝ Ղազախստանում հայտարարել է Ազգային ժողովի նախագահը: Ալմաթիում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցող Սիմոնյանը գործընկերներին հիշեցրել է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Այդ գործողությունները, այդ թվում՝ զենքի և անօդաչու ավիացիայի կիրառումը, հերթական անգամ հանգեցրել են մարդկային զոհերի: Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման և նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար և ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր:
Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի պաշտպանության նախարարության հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացավ Բաքվի հակազդեցությանը՝ նշեց Սիմոնյանը: Խորհրդարանի ղեկավարը հիշեցրեց նաև դեռ չլուծված հումանիտար խնդիրների՝ հայ ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցը: Օրհասական են մնում նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերը:
Ալեն Սիմոնյան- Հիմնարար և սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարևոր ենք համարում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը: Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, և առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ:
Իր ելույթում ԱԺ նախագահը հավաստիացրեց՝ մեր երկիրը մշտապես հանդես է եկել միջազգային ասպարեզում ԱՊՀ ՄԽՎ-ի դերի բարձրացման, միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ կառույցի գործակցության ուժեղացման օգտին: Սիմոնյանը ներկայացրեց նաև վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը:
Ալեն Սիմոնյան - Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգում առկա հարցերը կարելի է համատեղ լուծել՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, գտնել այնպիսի կարևոր խնդիրների արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թևերի միջև փոխգործակցությունը, քաղաքացիական հասարակության ձևավորումը:
Կարևորելով միջխորհրդարանական այս հարթակի զարգացումը՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ բազմակողմ գործակցության փորձի հարստացումն այսուհետ ևս կնպաստի ինչպես անդամների օրենսդիր մարմինների, այնպես էլ պետությունների միջև գործակցության զարգացմանը: