Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Այդ մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Արցախում կայունության ապահովումն է:
Նախագահի խոսքով՝ Արցախի զինված ուժերի ու ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման և ուժային մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ: