Ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում վերջին միջադեպերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումն ամրագրված է ՌԴ ԱԳՆ-ի մարտի 26-ի հայտարարության մեջ. Մոսկվան կողմերին վճռականորեն կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների ամբողջական դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարումը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում իրադրության ապաէսկալացման ուղղությամբ: Ընդ որում, խաղաղապահները գործում են երեք երկրների ղեկավարների վերոհիշյալ հայտարարության դրույթներին խիստ համապատասխան»,- նշել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ԱԳՆ-ի խողովակով մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ տեղում օպերատիվ իրադրության մասին համաժամանակյա տեղեկատվությունն ամեն օր հրապարակվում է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրերում:
«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հենվելով երեք երկրների ղեկավարների՝ արդեն իսկ գոյություն ունեցող պայմանավորվածությունների վրա, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական սահմանի սահմազատման և սահմանագծման և տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ: Մենք ակտիվորեն կնպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելուն»,- հայտնել է Զախարովան: