Դոնեցկի և Լուգանսկի ապագան կքննարկվի Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի բանակցությունների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը՝ ամփոփելով Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները:
«Այդ հարցերը կլինեն պայմանագրի առանձին կետում և կքննարկվեն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների շրջանակներում։ Բոլոր վիճելի հարցերի շուրջ քիչ թե շատ խոսել ենք, մեր առաջարկները ներկայացվել են»,- պարզաբանել է նա։
Ինչ վերաբերում է Ղրիմին, ըստ Պոդոլյակի՝ նախապատրաստվող պայմանագրում առաջարկվում է ամրագրել, որ Ուկրաինան և Ռուսաստանը 15 տարվա ընթացքում երկկողմ բանակցություններ կվարեն թերակղզու կարգավիճակի շուրջ: Միևնույն ժամանակ, այդ բանակցությունների ընթացքում կողմերը ռազմական գործողություններ չեն վարի՝ Ղրիմի ճակատագիրը որոշելու նպատակով: Դոնեցկի և Լուգանսկի մասով՝ նախատեսվում է առանձին կետ:
Բանակցություններին ուկրաինական կողմը առաջ է քաշել նաև անվտանգության նոր համակարգի գաղափարը, որի երաշխավոր պետք է հանդես գան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Լեհաստանը և Իսրայելը: Հատկանշական է, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվելու Ղրիմի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի տարածքի վրա: