Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է Ստամբուլի Դոլմաբախչե պալատում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը։
«Բանակցությունների առանցքային հարցերն են հրադադարը և Ուկրաինային անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը, միայն այդպես հնարավոր կլինի դադարեցնել պատերազմն այնպես, ինչպես Կիևն է ցանկանում։ Քննարկվում են նաև ռազմագերիների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների խախտման դեպքերը։ Առանձին դիտարկվում է ատելության սրման և պատերազմի սովորույթների ու օրենքների խախտման հարցը»,- նշել է Պոդոլյակը:
ՌԴ նախագահի խորհրդական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր հերթին հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական բանակցությությունները մի քանի ժամից կավարտվեն, և կողմերը հանդես կգան հայտարարություններով։
«Ռուսաստանը Կիևին բողոք է հայտնել գերեվարված ռուս զինծառայողների խոշտանգման դեպքերի կապակցությամբ։ Ուկրաինական կողմն ընդունել է բողոքը, խոստացել ձեռնարկել ամենախիստ միջոցները։ Մեզ լսեցին»,- ասել է Մեդինսկին: