Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՊԵԿ նախկին պաշտոնյա Վահրամ Գուրողլյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը։
Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ընդհանուր ավելի քան 1.6 մլրդ դրամ արժողությամբ՝ 8 բնակարան Երևանում և 6 ավտոկայանատեղի Հյուսիսային պողոտայում, հասարակական նշանակության 4 տարածք, հանգստյան գոտի և 2 հողամաս Կոտայքի մարզում, նաև 2 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, Ավստրիայում գտնվող 2 անշարժ գույքի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված մոտ 171 մլն դրամի չափով, մոտ 293 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ևս 749 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը:
Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հինգերորդ հայցադիմումն է, որ դատարանն ընդունել է վարույթ: Նախորդ 4 հայցերը վերաբերում են բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանին և Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանին:
Իրավապահները նաև ուսումնասիրում են այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքը, և առաջիկայում այս գործերով ևս դատարան հայցադիմումներ կներկայացվեն:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան