Կարի փոքրիկ արտադրամասը պաշտպանության բանակի նախկին սպա Վազգենինն է: Երեք ամիս առաջ են սկսել աշխատել՝ նախորդ տարվա դեկտեմբերից:
44-օրյա պատերազմում գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել, բժիշկները հույս չէին տալիս, բայց ապրեց: Հենց հիվանդանոցում ծառայակից ընկերոջ հետ կազմեցին ապագա բիզնեսի պլանը:
Վազգեն Հովսեփյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Որովհետև արդեն իրատեսական չէր ծառայությունը շարունակելը: Հարցնում էինք իրար անընդհատ՝ ինչով ես զբաղվելու, որ ծառայությունը վերջացնես: Իմ մոտ ծնվեց կարի արտադրությամբ զբաղվելու գաղափարը:
Բանակում ծառայելը, դժվարություններ հաղթահարելը բիզնեսում էլ են օգնում՝ ասում է Վազգենը:
Վազգեն Հովսեփյան - Օրինակ՝ առավոտ շուտ զարթնելը ավելի օգնում ա, քան խանգարում:
Կարում են ամեն ինչ, ընդունում են պատվերներ, մասնակցում տենդերների:
Վազգեն Հովսեփյան - էկո պայուսակներ ենք կարել, մանկական շորեր ենք կարել, հիմնականում կարում ենք բժշկական խալաթներ, բայց ուրիշ տենդերներ էլ ունենք շահած, որ մասնակցել ենք արդեն ու պետք ա մասնակցենք, օրինակ՝ ՊՆ-ի հետ էլ տենդեր ունենք:
26-ամյա Վազգենն Օշականում արդեն մի քանի աշխատատեղ է ստեղծել, պլանավորում է մեծացնել արտադրամասը: Շենքի երկրորդ հարկը ամռանը կվերանորոգի:
Վազգեն Հովսեփյան - էս պահին 4 աշխատատեղ ունենք, բայց ամռանը, որ տարածքի խնդիրը լուծվի, շատ կլինի, հաստատ:
Տիկին Լիդայի որդին՝ Հարությունը, Վազգենի հետ նույն զորամասում էր ծառայում՝ Հադրութում: Զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ: Այսօր ինքն է Վազգենի հետ նույն խրամատում՝ սեփական օրինակով են ցույց տալիս, որ հայրենիքը նաև աշխատելով, տնտեսության մեջ ներդրում անելով են պաշտպանում:
Լիդա Երոյան (44-օրյա պատերազմում զոհված Հարություն Մելքոնյանի մայրը) - Վազգենը եկավ մեր տուն, առաջարկեց, ես էլ չհրաժարվեցի, ինձ պետք էր, որ տանից դուրս գայի, մի քիչ ցրվեի: Ճիշտ ա՝ կար անելուց էլ էդ մտքերն իմ հետ են, բայց ամեն դեպքում օգնում ա:
Վազգենն արդեն ուսումնասիրել է շուկան, գիտի՝ որտեղ ինչ են ամենից շատ արտադրում, ու ինչի կարիք կա: Իր նպատակը հայրենիքի համար արժեքավոր գործ անելն է:
Վազգեն Հովսեփյան - Կարաս, օրինակ՝ ստեղծես մեքենա՝ «Մերսեդես», ու դրանով ճանաչեն Գերմանիան: Կարաս ստեղծես բժշկական խալաթներ, որոնցով ճանաչեն Հայաստանը: Կակռազ Ուկրաինան ա ամենամեծ արտադրողը, ընդեղ էլ կռիվ ա: