Հայ մասնագետների ստեղծած սարքով հնարավոր է լոկալ տեղորոշում իրականացնել՝ առանց GPS համակարգի: Վերականգնողական բժշկություն, ռոբոտաշինություն, սարքաշինություն՝ կիրառության ոլորտը բավական մեծ է:
Վահան Վերմիշյան («Թրասթ Էդվայզեր» ընկերության տնօրեն) - Տարբեր պրոյեկտների իրագործման ժամանակ անհրաժեշտություն առաջացավ, որ տեխնիկական տեսակետից ելնելով՝ ինչ-որ հեռավար տեղ դրված սարք ունենանք, որը հնարավորություն ունենա հավաքել տարբեր տվյալներ և այդ տվյալները փոխանցել մեզ ցանկացած այլ մարմին: Դա կլինի համակարգիչ, կլինի VR:
Վերմիշյանի խոսքով՝ հարթակի ստեղծումն առաջնային դարձավ պատերազմից հետո: Սարքը կցելով հայկական արտադրության «Քայլաբեր»-ին՝ վերջույթների շարժունակությունը կորցրած պացիենտը հնարավորություն է ստանում ուղղահայաց դիրքով կատարել վերականգնողական վարժություններ: Գաղափարը ներկայացրել են ԲՏԱ նախարարությանն ու դրամաշնորհ ստացել:
Վահան Վերմիշյան - Ծրագիրը, երբ որ գալիս է վերականգնողական կենտրոնից, գալիս է այս սարքի վրա, այն համապատասխան ծրագիրը տալիս է VR: Ու արդեն VR-ը աշխատեցնում է ամբողջ մեխանիզմը: Մարդը հայտնվում է վիրտուալ իրականութան մեջ ու անցնում է նախօրոք ծրագրավորված ճանապարհը:
Աշխատանքային խմբի ղեկավարը Հովհաննես Մկրտումյանն է: Նրա խոսքով՝ սարքն առայժմ կարողանում է տվյալներ հավաքել միայն այն մարմնի մասին, որին կցված է, հիմա փորձում են սարքը կատարելագործել վերջնական գաղափարի իրագործման համար:
Հովհաննես Մկրտումյան (աշխատանքային խմբի ղեկավար) - Ունենք թեթև սարք, հեշտ աշխատող, քիչ էներգիա ծախսող և բավական մեծ ճշգրտություն ապահովող: Համեմատական կարգով կարող եմ ասել, որ GPS համակարգին զիջում ենք, ճշգրտությունը մեզ մոտ առայժմ մոտավորապես 100 մետրի կարգի է:
Որպեսզի հայ արտադրողը կարողանա կիրառել հարթակն առանց բարդությունների, համակարգն ունի բաց կոդ, ինչը սարքի գլխավոր առավելություններից է՝ ասում է Մկրտումյանը:
Հովհաննես Մկրտումյան - Սարքը պարզ կապի միջոցով՝ Bluetooth կապի միջոցով, փոխանցում է տվյալները համակարգչին, և ունենք շարժման վերարտադրություն:
Գաղափարն անընդհատ փորձելու են զարգացնել ու մեծացնել սարքի աշխատանքի ճշգրտությունը: Վստահ են՝ այն մեծ պահանջարկ կունենա ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայում:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան