Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրության նախնական արդյունքները: 13 139 ձայն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է ընտրություններում, պայքարի մեջ մտած երկրորդ ուժը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունն էլ, ստացել է 9 694 ձայն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին համարը Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանն էր։ Ընտրողների ցուցակում ընդգրկված 37 069 անձից քվեարկությանը մասնակցել է 23 378-ը կամ 63,16 տոկոսը:
Ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջատարը կոչով դիմել է համայնքի բնակչությանը:
Գարիկ Սարգսյան - Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։
Այժմ առավել, քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։
Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Վեդիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել: Քաղաքական ուժերին չէր հաջողվել նաև կոալիցիաների վերաբերյալ համաձայնության գալ, որից հետո ավագանի ձևավորած երեք ուժից երկուսի՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, և նշանակվել էր նոր ընտրություն։
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները Վեդի խոշորացված համայնքում չորս խմբով դիտորդական առաքելություն են իրականացրել: Նրանք մի քանի ընտրատեղամասում խախտումներ են արձանագրել, այդ թվում՝ դիտորդական առաքելություն իրականացնող մեկ այլ կազմակերպության ներկայացուցիչների կողմից:
Դանիել Իոաննիսյան («Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ) - Իրենց դիտորդները ոչ թե դիտորդություն են անում, այլ փաստացի «Իմ հզոր համայնքի» վստահված անձի ֆունկցիաներն են կատարում, և մի քանի անգամ նկատվել են դեպքեր, որ նույնիսկ իրենք՝ դիտորդները, ընդունում են, որ իրենց ոչ թե հասարակական կազմակերպությունից են, այլ իրենք «Իմ հզոր համայնք» քաղաքական ուժից են: Սա մտահոգիչ է, որ քաղաքական ուժերը փորձում են դիտորդի անվան ներքո հանդես գալ տեղամասում:
Դանիել Իոաննիսյանի հավաստմամբ՝ անկախ խախտումների բնույթից՝ ինչպես դեկտեմբերի 5-ի, այնպես էլ մարտի 27-ի ընտրությունների արդյունքները արտահայտել են «Վեդի» խոշորացված համայնքի բնակիչների ցանկությունը և հավաքական կամքը:
Դանիել Իոաննիսյան - Ընտրությունների արդյունքների վրա ազդեցությունը, մեծ հաշվով, այդքան էլ մեծ չէ, այսինքն՝ սրանք առանձին վերցրած խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն, որոնք պետք է քննարկվեն, բայց ասել, որ դրանք ընտրակեղծարարություն է, չէ, ընտրակեղծարարության դեպքեր մենք չենք նկատել:
Ավագանու արտահերթ ընտրություններին, ըստ դատախազության հաղորդագրության, առերևույթ խախտման 10 դեպք է արձանագրվել. 6-ով նյութեր են նախապատրաստվում:
Արձանագրվել է՝
- քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտրության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում.
- ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում.
- առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը Նոր ուղի, մյուսը՝ Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում.
- հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք Լուսառատ բնակավայրում:
Ինչ վերաբերում է առերևույթ խախտման մյուս 4 դեպքին, ապա դատախազությունը ստուգում է ԶԼՄ հրապարակումներում նշվող հանգամանքները: Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մյուսը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն: