Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ երեկ Վեդի խոշորացված համայնքում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ:
ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ամբողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկել դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ:
Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ Վեդի խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր ընտրախախտումների 6 դեպք:
Մասնավորապես՝
• քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտրության գաղտնիությունը խախտելու՝ 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում.
• ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում.
• առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը՝ Նոր ուղի, մյուսը՝ Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում.
• հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք՝ Լուսառատ բնակավայրում:
ՀՀ Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ նշված բոլոր 6 դեպքի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ (Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը, Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) հոդվածներով սահմանված կարգով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Բացի դրանից՝ ևս 4 դեպքի վերաբերյալ դատախազությունը նախաձեռնել է ԶԼՄ համապատասխան հրապարակումներում նշվող հանգամանքներն ստուգելուն, դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելուն ուղղված ստուգման գործընթաց:
Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն: