Սկսած 1996-ից, երբ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ անցկացվեց առաջին «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, արդեն 21-րդ անգամ Հայաստանի թատերական գործիչների միությունն ամփոփում է տարին՝ գնահատելով լավագույնը, ինչ ստեղծվել է թատերական հարթակում նախորդ տարվա ընթացքում: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Մայր թատրոնի 100-ամյակին և թատերարվեստին անբասիր ծառայության համար «Արտավազդներ» շնորհվեցին Ջուլիետա Բաբայանին, Հարություն Մովսիսյանին, Հայկուհի Խուդավերդյանին, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանին, Սվետլանա Կոնստանտինովային, «Ավետ Ավետիսյան» հատուկ մրցանակին էլ արժանացավ Արմեն Մարությանը: «Արտավազդի» 14 անվանակարգերում ևս հաղթողներին հանձնվեցին մրցանակները: Ցավոք, թատերական տոնը չանցավ առանց անախորժ միջադեպի. երևանյան կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը հրապարակային գրառումով իր վրդովմունքը հայտնեց «Օրփեոս և Էվրիդիկե» ներկայացման՝ նախապես պաշտոնապես հաստատված երկու անվանակարգերից դուրս մնալու կապակցությամբ:
Հասմիկ Պապյան (ՀՀ ժողովրդական արտիստ, ԵՊԿ օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար) - Տիգրան Ձիթողցյանին մրցանակ հանձնելը միայն պատիվ կբերեր այդ մրցանակաբաշխությանը: Բայց դահլիճում պարզվեց, որ մեզ հանել են ցանկից՝ առանց անգամ զգուշացնելու. սա ամենամեծ անարգանքն է մեր հանդեպ:
Հակոբ Ղազանչյանը վերստին հիշեցնում է ժյուրիի գլխավոր սկզբունքը՝ տեսանյութերով ներկայացումը չգնահատել, նշում է, որ արտերկրի շատ թատրոնների են մերժել հենց այդ պատճառով:
Հակոբ Ղազանչյան (ՀԹԳՄ նախագահ) - Ինչպես ուզում ես նկարի՝ միևնույն է, ներկայացման 10 տոկոսն է մնում: Իմ միակ սխալն այն էր, որ որոշումից հետո պետք է անմիջապես զգուշացնեի:
Հասմիկ Պապյան - Եթե մեզ զգուշացնեին, որ տեսանյութով չի կարելի, մենք անպայման ներկայացում կանեինք ու կհրավիրեինք ժյուրիին:
Հակոբ Ղազանչյանն էլ նշում է, որ, ըստ Պապյանի, ներկայացումը կարող էլ լինել մարտի 24-ին, որն արդեն շատ ուշ էր, և դարձյալ ընդգծում է՝ այս միջադեպը ցավալի թյուրիմացություն է, և ժյուրին արդեն որոշել է ներկայացումն ընդգրկել հաջորդ տարվա «Արտավազդի» նույն անվանակարգերում:
Հակոբ Ղազանչյան - Ոչ մի միտումնավոր բան չի եղել, իմ սխալն է, և մեկ անգամ ևս ուզում եմ ներողություն խնդրել Հասմիկ Պապյանից, որ նախապես չեմ տեղեկացրել:
Հակոբ Ղազանչյանը նաև մտադիր է առաջիկայում ծավալուն հարցազրույց տալ և շատ ավելի հանգամանորեն ներկայացնել իրավիճակը, իհարկե, նախապես դա քննարկելով Հասմիկ Պապյանի հետ: