Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները դեմառդեմ կհանդիպեն վաղը՝ Երևանի ժամանակով 11:30-ին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բանակցություններից հետո Պուտին-Զելենսկի հանդիպում չի սպասվում:
Թե ի՛նչ նախադրյալներ են պետք, որպեսզի կայանա երկու երկրների առաջնորդների հանդիպումը, մանրամասնել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Հանդիպումն անհրաժեշտ կդառնա, երբ մենք հստակություն ունենանք հիմնական հարցերի շուրջ: Մենք երկար տարիներ ուշադրություն էինք հրավիրում այդ հարցերի վրա, բայց Արևմուտքը մեզ չէր լսում: Հիմա նրանք լսում են: Մեզ պետք է արդյունք՝ հիմնված բանակցությունների վրա, որը հետո կամրագրեն նախագահները: Այժմ, երբ մենք բանակցություններ ենք վարում ուկրաինական կողմի հետ, պարտավոր ենք համոզվել, որ Դոնբասի ժողովուրդն այլևս երբեք չի տուժի Կիևի ռեժիմից:
Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների առաջիկա դեմառդեմ բանակցություններն արդյունավետ լինեն։ Նրա խոսքով` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանավորվածության հասնելու հնարավորություն կա։
Բանակցություններից դրական սպասելիքներ ունի նաև Կիևը, բայց Մոսկվայի ոչ բոլոր պահանջներն են ընկալելի ուկրաինական կողմի համար: Մոսկվայի ներկայացրած ապառազմականացման, ապազգայնականացման պահանջը բացարձակ անհասկանալի է Ուկրաինայի համար՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին՝ հստակեցնելով, որ Ուկրաինան մտադիր չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե Ռուսաստանն այս երկու հարցերը բերի օրակարգ: Զելենսկին նշել է, որ Կիևը և Մոսկվան բանակցություններում քննարկում են ռուսաց լեզվի կարգավիճակի, անվտանգության երաշխիքների և հնարավոր «չեզոքության» հարցը։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Ուկրաինայի չեզոք կարգավիճակի, ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հարցերում Կիևը պատրաստ է համաձայնելու։ Նման գործընթաց սկսելու հիմնական պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է։ Սրա հետ մեկտեղ մի շարք երկրների առաջնորդներ պետք է երաշխավորեն մեր երկրի անվտանգությունը։ Այդ երաշխիքները ոչ թե պարզապես պետք է գրվեն թղթի վրա, այլ նաև վավերացվեն երաշխավոր երկրների խորհրդարանների կողմից։ Բացի այդ, Ուկրաինայում պետք է համապատասխան հանրաքվե անցկացվի։
Մինչ կողմերը ջանքեր են գործադրում հնարավոր փոխզիջումներ գտնելու համար, աշխարհը փորձում է հարմարվել ստեղծված իրավիճակին և մեղմել տնտեսական փոխադարձ պատժամիջոցների հետևանքները: Այս օրերի գլխավոր թեմաներից մեկը Եվրոպա գազի մատակարարման վճարները ռուբլով իրականացնելու մասին Մոսկվայի որոշումն է: Ժամեր առաջ «Յոթնյակի» երկրները հայտարարեցին՝ հրաժարվում են էներգապաշարների դիմաց վճարել ռուբլով:
Ռոբերտ Հաբեք (Գերմանիայի էկոնոմիկայի նախարար) - G7-ի բոլոր նախարարները համաձայնել են, որ սա գործող պայմանագրերի միակողմանի և ակնհայտ խախտում է: Գործընկերներս ևս մեկ անգամ ընդգծել են, որ կնքված պայմանագրերը վավեր են, և բոլոր ընկերությունները պարտավոր են հարգել դրանք։ Սա նշանակում է, որ ռուբլով վճարումն անընդունելի է: Մենք կոչ ենք անում շահագրգիռ ընկերություններին չկատարել այդ պահանջը։
Եվրոպայի հնարավոր արձագանքի մասին ավելի վաղ խոսել էր նաև Դմիտրի Պեսկովը: Հարցին, թե ինչպես կարձագանքի Մոսկվան, եթե Եվրոպան հրաժարվի ռուբլով վճարելուց, Կրեմլի խոսնակը պատասխանել էր՝ առաջացող հարցերը հընթացս կլուծեն:
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետևանքով հումանիտար ճգնաժամ է հասունանում: Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինան լքել է ավելի քան 40 հազար մարդ՝ հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը: Հատուկ գործողության սկզբից փախստականների թիվը հասել է մոտ 3,9 միլիոնի։ Լեհաստանն ընդունել է ավելի քան 2,2 միլիոն մարդ, Ռումինիան՝ մոտ 600 հազար, Մոլդովան՝ մոտ 380 հազար, Հունգարիան՝ 350 հազար, Սլովակիան՝ 275 հազար։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանում ավելի քան 270 հազար ուկրաինացի է ապաստանել, իսկ Բելառուսում՝ մոտ 9 հազար։