ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջոդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում՝ Ստամբուլ քաղաքում. լուրը հաստատել են երկու երկրի պաշտոնական աղբյուրները: Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին սոցցանցում կատարած գրառման մեջ նշել է, որ հերթական վիրտուալ բանակցություններից հետո կողմերը պայմանավորվել են դեմ առ դեմ հանդիպել: Ըստ նրա՝ հանդիպումը կկայանա մարտի 28-30-ը:
Մարտի 28-ին Թուրքիայում բանակցությունների անցկացումը հաստատել է նաև Ուկրաինայի իշխող կուսակցության՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար և ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան՝ նշելով, որ առաջիկայում նոր մանրամասներ կհայտնի։
Թուրքիայիում հանդիպելու գաղափարին դրական է արձագանքել Ուկրաինայի նախագահը: Կիևը կշարունակի պահանջել հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում: Ուկրաինայի նախագահն իր ելույթում նշել է, որ պարտադիր են նաև անվտանգության արդյունավետ երաշխիքները. «Ակնհայտ է, որ մեր նպատակը մեր երկրում խաղաղությունն ու նորմալ կյանքին շուտափույթ վերադարձն է»՝ շեշտել է Վոլոդիմիր Զելենսկին:
ՆԱՏՕ-Ն ԵՎ ԱՄՆ-Ը ՌԴ-ՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեկնաբանելով Վարշավայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանում իշխանություն փոխելու նպատակ չունի: «Մենք երկուսս էլ միակարծիք ենք, որ ռեժիմի փոփոխությունը օրակարգում չէ, և դա մեր համատեղ վարած քաղաքականության նպատակը չէ»,- ասել է Շոլցը: Թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահը: Լրագրողի հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Ռուսաստանում ռեժիմ փոխելու կոչ է անում, ԱՄՆ առաջնորդը պատասխանել է՝ ոչ: Ավելի վաղ, Բայդենն իր ելույթում նշել էր, որ Վլադիմիր Պուտինը «չի կարող մնալ իշխանության ղեկին»:
ՄԵԿ ՕՐՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԽՈՑՎԵԼ Է 36 ՌԱԶՄԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ
Ուկրաինացի զինվորականները շարունակում են պաշտպանական գործողությունները երկրի արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով՝ հայտնել է երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբը։ Կիևի պաշտպանության ուժերի և միջոցների խմբավորումը հետ է պահում հակառակորդին, որը փորձում է հյուսիս-արևմուտքից և արևելքից ճեղքել պաշտպանությունը՝ հսկողության տակ առնելու առանցքային ճանապարհներն ու բնակավայրերը՝ հայտնել է Գլխավոր շտաբը:
Ռուսական օպերատիվ-մարտավարական ավիացիոն և հրթիռային ուժերը մեկ օրում ոչնչացրել են ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 23 տարածք՝ հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը: Իգոր Կոնաշենկովի խոսքով մեկ օրում խոցվել են Ուկրաինայի 36 ռազմական օբյեկտ, օչնչացվել 19 անօդաչու թռչող սարք:
ԵՄ-Ն ՌԴ ԳԱԶԻՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
Եվրամիությունը ռուսական գազից կարող է հրաժարվել 2 տարվա ընթացքում` հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը: Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ-ն պլանավորում է տարբեր աղբյուրներ օգտագործել գազի մատակարարման համար։ «Եվրոպան ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից, այլ ոչ թե արգելել դրանք»,- ընդգծել է Բորելը։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇՈՒՐՋ
Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները F-16 կործանիչների մատակարարման հարցով դրական և կառուցողական մթնոլորտում են անցել՝ CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ հանդիպել են ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինի հետ, այնուհետև ամերիկյան կողմը երկու անգամ պատվիրակություններ են ուղարկել Թուրքիա։
«Բանակցությունները շատ դրական և կառուցողական են եղել»,- շեշտել է Աքարը՝ հավելելով, սակայն, որ հարցը պետք է քննարկման դրվի ԱՄՆ Կոնգրեսում։