Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի զինված ուժերին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինուժի առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը, սակայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում։ Ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարությունը շարունակում է աշխատանք տանել ադրբեջանական կողմի հետ՝ նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ: Արցախից ստացվող լուրերի համաձայն` Քարագլխից ադրբեջանցիները դուրս չեն եկել, իսկ Փառուխից` մասամբ։
Ստյոպա Սաֆարյան (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր) - Ռուսաստանը հայտարարում է որ ադրբեջանական զինուժը հետ է քաշվում Փառուխ գյուղից, ադրբեջանական կողմը ասում է որ իրենք չեն իջել դիրքերից, և երկուսն էլ ճիշտ են, որովհետև որքան հասկանում ենք տեղում իրավիճակից՝ գյուղում ռուս խաղաղապահներն են, բարձունքներում ադրբեջանցիները:
Ավելի վաղ՝ կիրակի երեկոյան, ՌԴ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխից: Բաքվի արձագանքը չուշացավ: Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց Փառուխից ու հարակից շրջաններից իր զորքերի դուրսբերումը: Ռուս-ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունների հակասությունները, գրավոր փոխհրաձգությունը շարունակվեց:
Նարեկ Մինասյան (Քաղաքագետ) - Ադրբեջանական կողմի տարածած հայտարարություններն իրենց բնույթով և բառակազմով աննախադեպ էին,որովհետև, ըստ էության, փաստացի ռուսական կողմին մեղադրում է միակողմանի տեղեկություն և ապատեղեկություն տարածելու մեջ:
Ադրբեջանը հայտարարության մեջ նաև որոշ դիտողություններ է արել Ռուսաստանին՝ թե Լեռնային Ղարաբաղ եզրույթի օգտագործման, թե Փառուխ գյուղի անվանման հետ կապված, ակնարկել նաև ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը և անուղղակի մեղադրել Մոսկվային, թե խախտում է դրույթները:
Նարեկ Մինասյան - Բացի այդ, ադրբեջանական կողմը հերքում է ռուսական կողմի տարածած տեղեկությունը, թե խախտել է հրադադարը, խախտել է եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ունի վիրավորներ, ադրբեջանական կողմը չի ընդունում այս դրույթները: Նախկինում էլ եղել են հակասություններ, հիմա մասշտաբները այլ են, սա խոսում է լարվածության մասին:
Արցախում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, հայկական գյուղերի ուղղությամբ Բաքվի սանձարձակ աշխատաոճի պատասխանը, քաղաքագետների գնահատականով, հետևանք է նախկինում իրականացրած սադրանքներին ոչ համարժեք արձագանքի, հակառակ պարագայում դժվար թե Ադրբեջանը փորձեր աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին սրել իրավիճակը Արցախում ու ստվերել նաև ռուս խաղաղապահների դերակատարումը: