Շենգավիթի Չեխովի 24 և 28 շենքերի բնակիչները արդեն մի քանի օր է՝ մտահոգ են: Իրենց եռահարկ շենքերի արանքում որոշվել է բազմահարկ կառուցել: Կառուցապատողն անհատ ձեռներեց Վահրամ Բալյանն է: Շինթույլտվությունը ստացել են այս տարվա փետրվարի 17-ին, մարտի 1-ին տարածքը քանդել ու սկսել են ցանկապատման ու հողափորման աշխատանքները:
Լուսյա Օսիպյան (Չեխովի 24-ի բնակիչ) - Իրենք ասել են՝ քանդելու ենք, ստեղ փոսը կտրել ա, ասել ա՝ ժեշտով փակելու եմ, իմանո՞ւմ եք ինչ կա, շատ խոսեք՝ ասում ա՝ լրիվ էդ հողն իմ սեփականությունն ա, կբերեմ, կդնեմ ստեղ:
Էմմա Գրիգորյան (Չեխովի 24-ի բնակիչ) - Թող ինչ ուզում է սարքեն, շենք չսարքեն, մեր տունը 3-րդ կարգի վթարային ա, փլվելու է տունը, էն օրը ի՞նչ էին արել: Տրակտորը գալիս էր, այ, սենց դղրդացինք մենք, փախանք դուրս, որ փլվի, պատասխան տալո՞ւ են, ինչ պիտի անեն:
Բնակիչների խոսքով՝ շինթույլտվությունը տրամադրելիս Երևանի քաղաքապետարանը հաշվի չի առել Չեխովի շենքերի վթարայնության աստիճանը: Այստեղ ապրողների մի մասը փախստական է, ապրում են նկուղային հարկերում ու երաշխիք չունեն, որ 11 մետր խորությամբ նորակառույցի ավտոկայանատեղիի հիմքերը չեն վնասի իրենց շենքերը:
Արսեն Մեհրաբյան (Չեխովի 28-ի բնակիչ) - Կողքի շենքը, որ կառուցում էին, մեր շենքը դղրդում էր, չնայած որ էնտեղ հիմքը արդեն փորած էր, իրենք ուղղակի մեծացրել էին, բայց էս ավելի մոտիկ էա գտնվում: Օրինակ՝ էն գտնվում է մոտ 6 մետր հեռավորության վրա, էս՝ 2-3 մետր հեռավորության վրա: Ինչ վստահություն մենք ունենք, որ մեր շենքը չի վնասվելու էդ ամեն ինչից:
Հարևան շենքերի բնակիչները օրեր առաջ հանդիպել են նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի և կառուցապատողի ներկայացուցչի հետ, ներկայացրել իրենց դժգոհությունները: Որ կառուցապատողի և բնակիչների ջրերը մի առվով գնան, խոստացել են խնդիրը ուսումնասիրել:
Նարինե Հովհաննիսյան (Չեխովի 28-ի բնակիչ) - Մեր թաղապետն ասաց՝ մենք կուսումնասիրենք: Տեսնենք՝ ինչ է, գրավոր պատասխան տան ձեզ: Թող գան, անկախ ուսումնասիրեն, եթե ոչ մի բան վնաս չի լինի, թող սարքեն, բայց եթե վնաս պիտի լինի, հաստատ էստեղ շինարարություն չի սկսվելու:
Կառուցապատողի ներկայացուցիչը վստահեցնում է՝ շինթույլտվություն տրամադրելուց առաջ տարածքը մանրամասն ուսումնասիրվել է, հորատման աշխատանքներն էլ դեռ մեկ տարի առաջ են արել ու թույլատրել՝ տարածքում ինչպես ավտոկայանատեղի, այնպես էլ բազմահարկ կառուցել:
Միքայել Սարոյան (Կառուցապատողի ներկայացուցիչ) - Մենք բոլոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք, իրենց ներկայացրել ենք դրանց օրինականությունը, որ ոչ մի բան օրենքից դուրս արված չէ: Մեր շենքը հարակից շենքից 10 մետր հեռավորությունը պահպանվելու է, այսինքն՝ ոչ միայն 10 մետրը, բոլոր նորմերը, ինչը որ օրենքով պահանջվում է, մեր օրենսդրությամբ ոնց նախատեսված է, մենք էդ նորմերին համապատասխան մեր նախագիծը արել ենք:
Թե ինչպես կլուծվի կառուցապատողի և չեխովցիների վեճը՝ պարզ չէ: Կառուցապատողը խոստանում է՝ անելու է հնարավորը, որ շինարարության ընթացքում անվտանգության կանոնները պահպանվեն, ու շինթույլտվության համաձայն՝ մինչև 2024 թվականի մարտի 1-ը շենքը հանձնվի շահագործման: