Ուկրաինայի իշխանությունները մտադիր են դատի տալ արևմտյան երկրներին, որոնք չեն հրաժարվել ռուսական նավթի ներկրումից։ Այս մասին երկուշաբթի բրիտանական Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։
Նա անընդունելի է համարել այն փաստը, որ Եվրամիությունը չի միացել Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցներին։ «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը փորձում է դադարեցնել այս պատերազմը, միևնույն ժամանակ որոշ երկրներ փող են ուղարկում այն ֆինանսավորելու համար»,- ասել է Զելենսկու խորհրդականը։
Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված ռազմական հատուկ գործողությունից հետո մի շարք արևմտյան պետություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, հրաժարվեցին ներկրել ռուսական նավթն ու նավթամթերքը։ ԵՄ-ն ուղղակի էմբարգո չի կիրառել ռուսական ածխաջրածինների վրա՝ էներգետիկ անվտանգության նկատառումներով։ Միաժամանակ, եվրոպական մի շարք նավթագազային ընկերություններ հայտարարեցին, որ խզում են հարաբերությունները ռուս գործընկերների հետ, դուրս են գալիս համատեղ նախագծերից կամ հրաժարվում են ներդրումներ կատարել ապագա նախագծերում։