ԱԺ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրի՝ 2021 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցը:
Նախարարությանը 2021 թվականին 22 ծրագրով 131 միջոցառում իրականացնելու համար հատկացվել է 214.7 միլիարդ դրամ, որից ծախսվել էր 202.4 միլիարդ դրամը:
«Տրանսպորտի ոլորտում նախատեսված է եղել 1.49 միլիարդ, որից ծախսվել է 1.44 միլիարդը: Տրանսպորտի ոլորտի հիմնական կարևոր ծրագրերից էր տարբեր մարզերում տրանսպորտային ցանցի զարգացմանն ուղղված փաթեթներ կազմելը և մրցութային գործընթաց սկսելը: Առավել մեծ հաջողություն ունենք Կոտայքի մարզի պարագայում»,- ասաց Սանոսյանը:
Սանոսյանն անդրադարձավ նաև ճանապարհաշինական աշխատանքներին:
«Նախորդ տարի գրանցվեց Հյուսիս-հարավ ճանապարհահատվածում ամենամեծ ծավալի աշխատանքը՝ շուրջ 50 կմ, ինչը հնարավորությունից տվեց Թալինից Գյումրի ուղղությունը բաց պահել և շահագործել: Այս ուղղությամբ կարևոր է նախորդ տարի սկսված՝ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնց ընդհանուր երկարությունը 77 կմ է:
Բոլոր ճանապարհների ուղղությամբ կան աշխատանքներ, այս տարի շարունակվում են: Տաթև-Աղվանի ճանապարհը, որը դարձավ գլխավոր այլընտրանքային ճանապարհը, 2 հատվածում դժվարություններ ունի:
Խոչընդոտները շրջանցելու ուղղությամբ 2 նոր ճանապարհնոր են կառուցվում՝ Տաթև-Լծենը և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհները»,- ասաց Սանոսյանը: