Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը դատապարտել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը Մերձդնեստրում Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սոցիալիստների կուսակցությունը դատապարտում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի սադրիչ հայտարարությունը, որը կոչ է անում Մոլդովային՝ բացել ռազմական գործողությունների «երկրորդ ճակատը» Մերձդնեստրում՝ «Ռուսաստանին Ուկրաինայից շեղելու համար»: Նման հայտարարությունը համարում ենք չեզոք Մոլդովային բարեկամ երկու երկրի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձ։ Մենք անկեղծորեն հավատում ենք, որ պարոն Դանիլովի հայտարարությունն իր անձնական կարծիքն է և Ուկրաինայի ղեկավարության ընդհանուր դիրքորոշման արտահայտությունը չէ»,- ասված է կուսակցության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Մոլդովայի նախագահ Սանդուն էլ պատասխանել է հակառուսական գործողությունները դադարեցնելու ՌԴ ԱԳՆ-ի պահանջին, հայտարարելով, որ Մոլդովան ազատ երկիր է, ցանկացած մարդ կարող է դուրս գալ և հրապարակայնորեն հայտնել իր կարծիքը։
Քիշնևում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ անցած շաբաթ անցկացվել էին հակառուսական ցույցեր՝ վիրավորական կարգախոսներով և անընդունելի գործողություններով: