Մարտի 31-ից մինչև հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն, գրեթե կրկնապատկվում է՝ դառնալով 200 հազար դրամ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ՝ թույլատրելի չափ են սահմանվել մինչև 1000 եվրոն և 31 կգ-ը: ԵԱՏՄ անդամ պետություններին հնարավորություն է տրվել սահմանել արժեքային, քաշային և քանակական ավելի խիստ նորմեր։
Գարիկ Մինասյան (ՊԵԿ արևմտյան մաքսատուն-վարչության պետ) - Այս փոփոխությունները վերաբերում են միայն էլեկտրոնային առևտուր իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապարնքներին ու էքսպրես բեռ փոխադրող հանդիսացող կազմակերպությունների կողմից տեղափոխվող ապրանքներին, իսկ եթե ֆիզիկական անձը ցամաքային եղանակով իր հետ ներմուծում է ապրանքներ, դրա համար նախատեսված է 500 եվրոյի և 25 կգ քաշի արտոնության շեմը:
Եթե ապրանքը ֆիզիկական անձը տեղափոխում է օդային տրանսպորտով, սահմանված է 10 հազար եվրոյի և 50 կգ արտոնության շեմը:
ՊԵԿ արևմտյան մաքսատուն վարչության պետը նշում է՝ օնլայն առևտրի դեպքում, եթե ապրանքը քաշով ու գումարային արժեքով գերազանցում է սահմանված անմաքս շեմը, կիրառվում է նախկինում գործող տոկոսադրույքը:
Գարիկ Մինասյան - Եթե գերազանցում էր արժեքը կամ քաշը, ապա կիրառվում է 15 տոկոս մաքսային վճար, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի համար 2 եվրո:
Ֆիզիկական անձինք առցանց գնում են հիմնականում հագուստ, տեխնիկա՝ հատկապես բջջային հեռախոսներ, համակարգիչներ... բայց կան ապարանքնատեսակներ, որոնք անձնական օգտագործման չեն կարող դիտարկվել, և այդ արտոնությունները չեն կիրառվում:
Գարիկ Մինասյան - Բժշկական սարքավորումները, սարքեր, սարքավորումներ, որոնք չեն կարող օգտագործվել անձնական նպատակներով և 200-ից ավել հատիկով ապրանքներ, որոնք չեն կարող անձնական համարվել:
Պետական եկամուտների կոմիտեից հստակեցնում են՝ պատվերներ քաղաքացիները կարող են անել ոչ թե ամիսը մեկ անգամ, այլ յուրաքանչյուր օր:
Գարիկ Մինասյան - Եթե քաղաքացին պատվիրել է ապրանք, որի շեմը չի գերազանցում 400 եվրոն, վաղը կարող է կրկին պատվիրել մինչև 400 եվրո:
Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ մարդը անձնակա՞ն, թե՞ բիզնես նպատակով է գնումներ անում... ՊԵԿ-ից մեկնաբանում են. կախված ապրանքի քանակից, բնույթից, հաճախականությունից՝ մաքսային մարմինը ուսումնասիրում է, և կարող է այն դիտարկել որպես ոչ անձնական: Այդ դեպքում արտոնությունները չեն գործի:
Ի դեպ, 2021 թվականին Հայաստանից ավելի քան 44 մլրդ դրամի օնլայն գնում է արվել, որի համար պետբյուջե է վճարվել 789 մլն դրամի հարկ: