Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
Նշվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Այս պահին 178 գործող աղբամուղ կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու քայլեր ձեռնարկել:
«Շտապբուժօգնություն» ընկերությունում քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու նպատակով զանգերի կենտրոնում ներդրվում է հատուկ համակարգ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա: Քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ տեխնիկական համալրման աշխատանքներն ավարտական փուլում են:
«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները ևս առողջապահական ապահովագրության հնարավորություն կունենան: Զեկուցվել է, որ մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպության հետ կկնքվի պայմանագիր:
Սուբսիդիոն պայմանագրերի համաձայն՝ մեկնարկել է Նուբարաշեն վարչական շրջանի չլուսավորվող փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցումը: Գործընթացն իրականացվում է նաև Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի վարչական 2 շենքի տանիքներին ևս կտեղադրվեն արևային կայաններ: ՄԱԿ-ի գրասենյակի հետ բանակցություններ են տարվում այս ծրագիրը որպես էներգաարդյունավետության մասնիկ դիտարկելու և նախագիծը համաֆինանսավորելու նպատակով:
Ապրիլի 1-ից գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին: Զեկուցվել է, որ մրցույթներն արդեն կայացել են, առաջիկայում կմեկնարկի գծանշումը:
Համատիրություններում առկա կառավարման խնդիրներին հնարավորինս լուծումներ տալու նպատակով կներդրվի բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ: Օրենսդրական դաշտում կլինեն փոփոխություններ: Փաթեթը դրվել է շրջանառության մեջ:
Համայնքի միջոցներով իրականացվող ծրագրով նախորդ շաբաթ մայրաքաղաքում փոխարինվել է երկու հիդրանտ: Ընթացիկ տարում նախատեսվում է այդ թիվն ավելացնել 53-ով: