ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐՆ ՈՒ ԲԵԹՄԵՆԸ ԷՐ-ՌԻԱԴԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի զբոսայգիներից մեկում դիմակահանդես է անցկացվել, որին մարդիկ ներկայացել են իրենց սիրելի հերոսների կերպարներով:
Միջոցառման մասնակիցներից շատերն առաջին անգամ են իրենց սիրելի ֆիլմերի ու մուլտերի հերոսների կերպարով բացահայտ ներկայանալու հնարավորություն ստացել:
Սաուդ Ալ Հազանի (Բեթմենի երկրպագու) - Ես դեռ 2010 թվականից եմ մասնակցում դիմակահանդեսների, սակայն Բեթմենի կերպարով առաջին անգամ եմ ներկայանում: Այս տարի Էր-Ռիադի սեզոնին մասնակցել ցանկացողների թիվը շատ մեծ է: Ահա թե ինչու որոշեցի լավագույնս ներկայանալ:
Դիմակահանդեսը կազմակերպվել է Էր-Ռիադի սեզոնի շրջանակում, որն արվեստի ու մշակույթի փառատոն է: Այն ամեն տարի անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Ներառում է ցուցահանդեսներ, համերգներ ու մարզական միջոցառումներ:
ԻՍՊԱՆԻԱ
ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ ՀՍԿԱ ՔԱՆԴԱԿՆԵՐ ԵՆ ԱՅՐՎՈՒՄ «ՖԱՅԱՍ» ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ
Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացվել է իսպանացիների գլխավոր տոներից մեկը` «Ֆայաս» փառատոնը, որի ընթացքում վառել են թղթե արձանները:
Այս փառատոնի գլխավոր արարողությունը հենց հսկա «նինոտների», այսինքն` խամաճիկների կամ տիկնիկների ստեղծումն ու ոչնչացումն է: Փառատոնի անվանումն էլ իսպաներենից թարգմանաբար նշանակում է «հրդեհներ»:
Փառատոնը խորհրդանշում է գարնան գալուստը և նվիրված է Սուրբ Հովսեփի օրվան:
«Նինոտներ» կոչվող վիթխարի արձանները, որոնք պատրաստված են փայտից կամ պապիե-մաշեից, հայտնի հասարակական գործիչների երգիծական տարբերակներն են։
Ավանդույթի համաձայն՝ «նինոտներից» մեկը միշտ փրկվում է կրակի ճիրաններից, այս տարի դա «Ֆանտաստիկա» կոչվող ինստալյացիան էր, որը հիմնված է ֆանտաստիկ ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Հարրի Փոթերը» և «Ալիսը հրաշքների աշխարհում»: Այն իր պատվավոր տեղը կզբաղեցնի Վալենսիայի թանգարանում։
Սուրբ Հովսեփը համարվում է հյուսների, շինարարների ու քանդակագործների հովանավորը: Ամենայն հավանականությամբ, այս միջոցառման արմատները հասնում են հեթանոսական տոներին: «Ֆայասը» բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա տոնակատարություն է Վալենսիայում:
2016 թվականի նոյեմբերի 30-ին «Ֆայաս» փառատոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
ԵԳԻՊՏՈՍ
ՀԻՆԳ ԴԱՄԲԱՐԱՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ՍԱԿԿԱՐԱՅԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏՈՒՄ
Հնագետները հինգ դամբարան են հայտնաբերել Եգիպտոսի Սակկարա դամբարանադաշտի գերեզմանոցներից մեկում:
Դամբարանները, որոնք զարդարված են լավ պահպանված որմնանկարներով, պատկանում են Հին թագավորության և Առաջին միջանկյալ ժամանակաշրջանի, այսինքն` Ք.ա. մոտ 2190-2050 թթ. բարձրաստիճան խավի ներկայացուցիչների:
Մոստաֆա Վազիրի (Եգիպտոսի Հնությունների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար) - Սա Հաննուի դամբարանն է: Այն հիանալի է պահպանվել, արձանագրություններով ու գույներով հանդերձ: Եվ պատկերացրեք, որ մենք խոսում ենք սրանից մոտ 4 հազար տարի առաջվա մասին: Այստեղ կարող ենք տեսնել տարաներ, որոնց մեջ զոհաբերություն էին մատուցում: Սա պալատի ճակատն է, շատ գեղեցիկ է: Իսկ այստեղից սկսած մենք տեսնում ենք այս դամբարանի տիրոջ տիտղոսները: Ահա և նրա անունը` Հաննու:
Նոր հայտնաբերված դամբարանները Մերենրե Առաջին փարավոնի բուրգի հարևանությամբ են: Դրանց մեջ կան մեծ քարե և փայտե սարկոֆագներ, նաև այլ արտեֆակտներ, այդ թվում՝ փոքրիկ արձանիկներ ու խեցեղեն:
Սակկարայում, որը Գիզայի մեծ բուրգերից հարավ է ընկած, վերջին տարիներին անցկացվել են մեծաթիվ հնագիտական պեղումներ, որոնք բավականին հարուստ արդյունք են տվել:
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
ՖԻԼԻՊԻՆՑԻ ՆԿԱՐԻՉՆ ԻՐ ՄԱԶԵՐՈՎ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ
Զբոսաշրջային նավի վրա անվերջ թվացող հերթափոխերից ձանձրացած, մի փոքր ընկճված ու հոգնած ֆիլիպինցի ծովագնաց Ջեսոնի Գարսիան ստեղծագործելու մեծ կարիք է ունեցել:
Նա ինքնուս նկարիչ է, դիմանկարներ ստեղծելիս միշտ թեթևություն է զգացել, սակայն նկարելու համար անհրաժեշտ նյութերի պակաս է ունեցել:
Ջեսոնի Գարսիա (նկարիչ) - Մի օր մտածեցի կտրվածքից հետո հատակից հավաքել մազերս ու դրանք օգտագործել դիմանկարներ ստեղծելու համար:
Ծովային վերջին ճանապարհորդությունը 2021 թվականին էր, հենց այնտեղ էլ առաջին անգամ փորձարկել է մազերից կտավ պատրաստել:
Իրականում վարսահարդարությունը նորություն չէ Գարսիայի համար. ինքն ու քույրը գեղեցկության սրահ ունեն: Սեփական մազերը կտրելուց հետո Գարսիան սպիտակ կտավի վրա խնամքով դնում է կտրած մազերն այնպես, որ պատկեր ստացվի: Սովորաբար մեկ դիմանկար ստանալու համար 2-5 ժամ է պահանջվում, ըստ նկարի բարդության:
Գարսիան սկզբում բացառապես ինքնանկարներ է արել, իսկ հետո անցել է իր սիրելի երաժիշտների ու դերասանների դիմանկարներին:
Ջեսոնի Գարսիա (նկարիչ) - Այժմ ես մտածում եմ, թե ինչպես կարող եմ պահպանել այս կտավները, որպեսզի կարողանամ ապագայում պատվերով գործեր անել: Փորձում եմ խեժի օգնությամբ մազերն ամրացնել կտավին:
Երբ սեփական մազերը կտրում է, սակայն ստեղծագործելու համար նյութի պակաս է զգում, դիմում է ընկերներին ու խնդրում նրանց մազերը կտրել ու դեմքը սափրել: Ստացվում է` թե՛ նրանց է օգուտ տալիս, թե՛ իրեն: Առայժմ ոչ ոք Գարսիային ճաղատ չի տեսել:
ԳՎԱՏԵՄԱԼԱ
ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՅՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԱՅԱՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՍԻՐՏԸ
Գվատեմալայի ազգային հնագիտական պարկը` Տակալիկ Աբախը, արտեֆակտների և ավերակների տունն է, որոնք բացահայտում են օլմեկների մշակույթի և մայաների դարաշրջանի մեկնարկի միջև անցումային շրջանը:
Մարիո Ռոբերտո Մալդոնադո (Գվատեմալայի Մշակութային և բնական ժառանգության փոխնախարար) - Տակալիկ Աբախը սուրբ վայր է, որը կարևոր կապեր ունի Գվատեմալայի մշակույթի հետ: Դա վայր է, որտեղ պահպանվում են բուսական և կենդանական աշխարհի կենսաբազմազանությունը, նույնիսկ մայաների հոգևոր արժեքներն ու աշխարհայացքը:
Այս վայրում կարելի է հանդիպել մայաների հեղինակած ճարտարապետական նմուշների, նաև հասկանալ, թե ինչպես են մայաները վարվել անձրևաջրերի հետ:
2008 թվականին հնագետներն այս վայրում հայտնաբերել են մի շարք քանդակներ, որոնք ապացուցում են օլմեկների քաղաքակրթությունից դեպի մայաների քաղաքակրթություն էվոլյուցիան:
Օլմեկները ծաղկում են ապրել Մեզոամերիկայի ձևավորման ժամանակ՝ սկսած Ք.ա. 1500 թվականից մինչև 400 թվականը։
Մայաները մ.թ. 400-900 թվականներին Կենտրոնական Ամերիկայում և Հարավային Մեքսիկայում կառուցել են ճախրող տաճարներ և բարդ ճարտարապետություն ունեցող պալատներ, նախքան իրենց քաղաքները խորհրդավոր կերպով լքելը:
ԻՆԴՈՆԵԶԻԱ
«ՄԵՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆՔ». ՌՈՒՍՆԵՐԻՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Ռուս նկարիչը և ուկրաինացի մի երիտասարդ, որն ինդոնեզական Բալի կղզում գտնվող առանձնատների համալիրի սեփականատեր է, միավորվել են, որպեսզի արվեստի միջոցով խաղաղության ու միասնության կոչ անեն: Երիտասարդները վստահեցնում են, որ ռուսները և ուկրաինացիները տասնամյակներ ի վեր եղբայրական ժողովուրդներ են եղել, ուստի ցավում են այն ամենի համար, ինչ այժմ տեղի է ունենում:
Արվեստի այս գործն իրականում գեղագրության մի կտոր է. առանձնատների տանիքներին, ընդհանուր առմամբ, 960 քառակուսի մետր տարածքի վրա, վեց լեզվով՝ ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, չինարեն, ֆրանսերեն և ինդոնեզերեն գրված է «Միավորված աշխարհ»:
Փոկրաս Լամպաս (գեղագրության նկարիչ) - Այս աշխատանքը քաղաքական ուղերձ չէ, սա մշակութային հայտարարություն է, սոցիալական հայտարարություն, մարդկանց և այն ճանապարհի մասին, որով կարող ենք միավորվել՝ ներդաշնակ ապագա ստեղծելու համար:
Լամպասը, որը դեկտեմբերից Բալիում է, ասում է, որ այս գաղափարը մշակել է մի խումբ ուկրաինացի ընկերների հետ՝ դեռևս նախքան Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկը, սակայն այժմ աշխատանքն ավելի մեծ նշանակություն է ստացել: Այն ստեղծել է երեք շաբաթվա ընթացքում:
ՄԵՔՍԻԿԱ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐԸ
Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Մեքսիկայի Տեոտիուականի բուրգերի տարածքում և ձեռքերը դեպի երկինք պարզած` ողջունել արևին` դիմավորելու գարնանային գիշերահավասարը:
Հավաքվածները վստահեցնում են, որ հնավայրում ավելի լավ են զգում էներգիան և կարողանում են կապ հաստատել մոռացված անցյալի հետ: Օտարերկրացի զբոսաշրջիկներն էլ տեղացիներին ակնածանքով են նայում:
Զբոսաշրջիկներն ու տեղացիները կանգնել են Տեոտիուական քաղաքում գտնվող Արևի բուրգի ստորոտին, իսկ նրանց գլխավերևով օդապարիկներ են անցել: Մարդիկ հիմնականում սպիտակ հագուստ ու թալիսմաններ են կրել՝ համոզված լինելով, որ դրանք օգնում են իրենց շատ ավելի փորձառու դառնալ ամեն գործում:
Ալֆրեդո Սանչես (կատակերգու) - Մենք գալիս ենք այստեղ էներգիայով լիցքավորվելու, նաև աշխարհի համար խաղաղություն խնդրելու նպատակով: Այժմ կան երկրներ, որոնց բնակիչները մեծ փորձությունների միջով են անցնում, տառապում են: Ես նրանց համար խաղաղություն եմ խնդրում:
Բնակավայրի անվանումը՝ Տեոտիուական, թարգմանաբար նշանակում է «Վայր, որտեղ մարդիկ դառնում են աստվածներ»: Անվանումը տվել են ացտեկները:
Փորձագետները կարծում են, որ Արևի բուրգը պտղաբերության խորհրդանշան էր և լեռան տեսքով էր կառուցված, որպեսզի հակազդեր մոտակայքում գտնվող երկու հրաբուխների չար ազդեցությանը, որոնք այդ ժամանակ հայտնի էին արտասովոր ժայթքմամբ:
ԱՄՆ
ԷՆԴԻ ՈՒՈՐՀՈԼԻ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻ ՆԿԱՐԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է 200 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Նյու Յորքի «Քրիստի» աճուրդի տունը հայտարարել է մայիսին Էնդի Ուորհոլի հեղինակած Մերիլին Մոնրոյի նկարն աճուրդի հանելու մասին: Ստեղծագործությունը գնահատվել է 200 միլիոն դոլար:
Ալեքս Ռոտեր («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Ամենայն հավանականությամբ, այս աշխատանքը կդառնա 20-րդ դարի ամենաթանկարժեք նկարը, որ երբևէ հանվել է աճուրդի: 1964 թվականին նկարված Մերիլինի այս դիմանկարը 20-րդ դարի ամենանշանավոր, եթե ոչ ամենահայտնի նկարներից մեկն է:
Սա Էնդի Ուորհոլի հեղինակած՝ Մերիլին Մոնրոյի հինգ նկարներից մեկն է: Բոլորը նույն չափսի են, սակայն ֆոները տարբեր գույների են: Այս մեկի ֆոնը կապույտ է:
Ուորհոլը Մոնրոյի մետաքսապատման առաջին աշխատանքները սկսել է կատարել աստղի մահից հետո՝ 1962 թվականի օգոստոսին:
«Քրիստիում» ասել են, որ այս դիմանկարը Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» և Պաբլո Պիկասոյի «Ավինյոնի աղջիկները» կտավների հետ մեկտեղ համարվում է «բոլոր ժամանակների մեծագույն գործերից մեկը»:
«Քրիստին» աշխատանքը վաճառում է Ցյուրիխում գործող Թոմաս և Դորիս Ամմանների հիմնադրամի անունից: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը կհատկացվի հիմնադրամին, որն աշխատում է բարելավել երեխաների կյանքն ամբողջ աշխարհում:
1998 թվականին «Սոթբի» աճուրդի տունը 17 միլիոն դոլարով վաճառել էր Մերիլին Մոնրոյի՝ նարնջագույն ֆոնով նկարը։