Յուրաքանչյուր քաղաքացի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում արդեն կարող է իր անձնական գրասենյակն ունենալ: Նոր հարթակը հնարավորություն է տալիս գրանցվել և հետևել վարույթների ընթացքին, ընդ որում, ծրագրում երևում է, թե ով է պահանջատերը, որքան է բռնագանձման ենթակա գումարը, որ գույքի կամ հաշվեհամարի նկատմամբ ինչ արգելանքներ են կիրառված: Հարթակը հնարավորություն է տալիս նաև ներբեռնել ծառայության որոշումները:
Էլինա Գեղամյան (ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական) - Օրինակ՝ եթե ՃՈ-ի կողմից կայացվել է վարչական ակտ, և այդ ակտը հետագայում ուղարկվել է հարկադիր կատարման, անձնական գրասենյակի միջոցով կարող են տեսնել նաև այդ վարչական ակտը և վարչական ակտի հասցեատիրոջը՝ տվյալ դեպքում պարտապանին, ծանուցելը հավաստող ապացույցները: Այդ բոլոր փաստերը հնարավորություն է ընձեռում ներբեռնել հարթակը:
Ոչ միայն ներբեռել, այլև վճարել: Անձնական գրասենյակում հնարավոր է րոպեների ընթացքում վճարել պարտքը, ապա էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով ծանուցվել, որ բոլոր արգելանքները հանվել են:
Էլինա Գեղամյան - Ոչ միայն տեսնում է, որ վճարումից հետո փաստացի կայացվել է կատարողական վարույթը կարճելու որոշում, և արգելանքը վերացնելու հաղորդագրությունները գնացել են համապատասխան պետական մարմիններին ու բանկերին, այլև փաստացի տեսնելու է այդ հաղորդագրությունների ընթացքը, այսինքն՝ կոնկրետ բանկի կողմից հաշվի արգելանքը վերացվել է, թե ոչ:
Եթե հարկադիրում վարույթները մեկից ավելի են, հարթակը թույլ է տալիս վճարել բոլորի համար, բայց եթե ընդհանուր գումարը չի գերազանցում 60 հազար դրամը: Այժմ քննարկվում է գումարի սահմանաչափը բարձրացնելու հարցը: Ի դեպ, հարթակով վճարելու դեպքում միջնորդավճարը 200 դրամ է, վճարային տերմինալի 400 դրամի փոխարեն:
Գրանցման մասին. անհրաժեշտ է մտնել հարկադիր կատարման ծառայության կայք, բացել անձնական գրասենյակ հարթակը, գրանցվել՝ լրացնելով անձնական տվյալները: Պետք է նաև լուսանկարել փաստաթղթի դիմերեսն ու դարձերեսը ու նաև փաստաթղթով ինքնալուսանկար անել: Այս ամենից հետո համակարգը էլեկտրոնային հասցեին նամակ կուղարկի՝ ծանուցելով գրանցման մասին: Բոլոր անձնական տվյալները պաշտպանված են:
Էլինա Գեղամյան - Գրասենյակը հնարավորություն է տալիս գրանցվել նաև այն մարդկանց, ովքեր կատարողական վարույթ չունեն և հետագայում իրենց կյանքի ցանկացած փուլում, եթե հանկարծ կատարողական վարույթով պարտապան դառնան, արդեն իրենք միանգամից էլեկտրոնային փոստին կստանան համապատասխան ծանուցում և օպերատիվ կերպով կտեղեկանան:
Շուտով հարթակում հասանելի կլինի նաև դիմումներ ու հարցումներ ուղարկելու, դրանց պատասխանները ստանալու բաժինը: Հետագայում հարթակը կկատարելագործվի, նոր հնարավորություններ կավելանան: Տարեսկզբից 1 ամիս փորձնական ժամանակահատված էր սահմանվել, արդեն կարելի է արձանագրել, որ հարթակն իրեն արդարացրել է և փետրվարի 1-ից 2000-ից ավելի գրանցում կա: