Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը:
Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ տոնական օրվա կապակցությամբ թատերական արվեստի ներկայացուցիչներին ուղերձ էր հղել Վահրամ Դումանյանը: Ուղերձում մասնավորապես ասված էր. «Հանրային կյանքում Ձեր դերի բարձր գիտակցմամբ պետք է շարունակել պահպանել թատերական ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների»:
«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգերում (այս տարի ավելացել էր ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»), ինչպես նաև տրվել են Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարևորել է մարզային թատրոնների զարգացումը՝ ընդգծելով, որ դրանք պետք է լինեն քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:
«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.
Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության
«Լավագույն մանկական ներկայացում»
«Կոկորդիլոսը» - Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, բեմ.` Աղասի Մելքոնյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Կամերային թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան»
Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն
Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Մերի Մարգարյան - «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Երեք քույր» - Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, բեմ.` Սամսոն Մովսեսյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմ. թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմ. թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան - Հ. Ղափլանյանի անվան դրամ. թատրոն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան - Հ. Պարոնյանի անվան թատրոն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա - Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
«Լավագույն թատերագիտական հոդված»
Քրիստինե Պողոսյան - «Հաջողված թռիչք»
«Լավագույն սցենոգրաֆիա»
Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան - «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն
«Երաժշտության լավագույն հեղինակ»
Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը» , Կամերային թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»
Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն
Արմինե Անդրեասյան –(Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն
«Լավագույն դերասանուհի»
Մարիամ Ղազանչյան - (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն
Ելենա Վարդանյան - (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
«Լավագույն դերասան»
Արթուր Կարապետյան - (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ.Պարոնյանի անվան թատրոն
Սենիկ Բարսեղյան - (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Կամերային թատրոն
«Լավագույն պլաստիկ ներկայացում»
«#44» - «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» - Մնջախաղի թատրոն, բեմ.` Կարեն Խաչատրյան
«Լավագույն ներկայացում»
«Համլետ» - Կամերային թատրոն, բեմ.` Արա Երնջակյան
«Հատուկ մրցանակ»
Կապանի Ա.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն - «Մաուգլի», բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան: