«ՀայՓոստը» Համաշխարհային փոստային միությունից 200 000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կստանա:
Համաշխարհային փոստային միության ծառայության որակի բարձրացման ֆոնդի կողմից վերոնշյալ գումարը կհատկացվի «ՀայՓոստին»՝ 20 նոր էլէկտրամոտոցիկլետ ձեռք բերելու համար։
Դեռևս 2021 թ․ նոյեմբերին «ՀայՓոստ» ընկերությունը ՀՓՄ որակի բարձրացման ֆոնդին էր ներկայացրել ծրագիր, ըստ որի՝ ընկերությունը նախատեսում է ձեռք բերել Էլեկտրամոտոցիկլետներ՝ նոր սուրհանդակային ծառայությունը մեկնարկելու նպատակով։ Սույն թվականի մարտի 15-ին որակի բարձրացման ֆոնդի խորհուրդը հավանություն է տվել «ՀայՓոստ» ընկերության ներկայացրած ծրագրին, ըստ որի՝ «ՀայՓոստին» տվյալ ծրագրի շրջանակում հատկացնելու է 200 000 ԱՄՆ դոլար։
Հարկ է նշել, որ «ՀայՓոստ» ընկերությունը միանում է ՀՓՄ կողմից առաջարկվող «զրո արտանետում» և «կանաչ միջավայր» ծրագրերին, ըստ որի՝ փոստային օպերատորներին խորհուրդ է տրվում սեփական գործունեության ծավալման համար օգտագործել մեքենաներ, որոնք աշխատում են էլեկտրական սնուցմամբ։
Տվյալ ծրագրի իրականացումը թույլ կտա պակասեցնել արտանետումների քանակը, որն այս պահին համաշխարհային խնդիրներից մեկն է։ Այս առումով «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Շատ ուրախալի է, որ «ՀայՓոստը» կարողացավ շահել այս կարևոր դրամաշնորհը: Էլեկտրամոտոցիկլետների ձեռքբերմամբ «ՀայՓոստն» իր համագործակցության պատրաստակամությունն է հայտնում համաշխարհային միտումներին մասնակցելու համար: Միաժամանակ «ՀայՓոստը» կկարողանա գործարկել նոր, անհրաժեշտ սուրհանդակային ծառայությունը, որը սպասված է մեր հաճախորդների կողմից»:
Էլեկրամոտոցիկլետները նախատեսվում է ներմուծել 2022 թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում, իսկ սուրհանդակային ծառայությունը՝ մեկնարկել 2-րդ եռամսյակի վերջ։