«Գազպրոմում», Հայաստանի էլեկտրական ցանցերի օրինակով, նպատակ կա առաջիկա 10 տարիների համար ներդնել կայուն գնային քաղաքականություն, որը հիմնված կլինի արդյունքի վրա՝ հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Այս պարագայում գումարային այն տարբերությունը, որը կառաջանա կուրսի տատանումից կամ իրացված գազի ծավալի տարբերությունից, կփոխհատուցվի՝ կա՛մ «Գազպրոմին», կա՛մ պետությանը:
Բաղրամյանը հիշատակում է վերջին նմանօրինակ դեպքը, երբ «Գազպրոմը» իրացման արդյունքում շուրջ 2 մլրդ դրամ ավելի գումար էր ստացել, որը վերջնական արդյունքում նվազեցվել է սակագնից:
Ըստ Գարեգին Բաղրամյանի՝ անկախ նրանից, գազը ռուբլով կգնենք թե դոլարով՝ այն կանդրադառնա տարեկան արդյունքների վրա, և եթե ռուբլին ավելի կայուն փոխարժեք կունենա, քան դոլարը, ապա ազդեցությունը հաշվի կառնվի հաջորդ սակագների սահմանման ժամանակ:
Գարեգին Բաղրամյան (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ) - Կգերադասեի, որ ավելի հաստատուն փոխարժեքով առնեինք գազը: Կարելի է, իհարկե, զարգացնել քաղաքականությունը, ունենալ բանաձևային տեսք, ցանկացած պահի փոխարժեքով ճշգրտված լինի: Բայց զուտ բնակչության առումով, քանի որ դեռևս նման քայլի չենք գնացել և ունենում ենք տարեկան գին, ինչքան ավելի կայուն փոխարժեքով լինի գազը, ես, կոնկրետ իմ տեսանկյունից եմ ասում, տարվա ավարտին «Գազպրոմում» դրական ու բացասական էֆեկտը այդ մասով շատ ավելի քիչ կլինի, և հաջորդ սակագնի վերանայման ժամանակ ավելի քիչ գումար կփոխհատուցվի՝ պարտադիր չէ՝ «Գազպրոմին» թե սպառողին: