Այս տարի Կառավարությունը նախատեսում է կապիտալ ծախսերն իրականացնել ամբողջ ծավալով՝ խորհրդարանում հայտարարեց ֆինանսների նախարարը՝ շեշտելով՝ եթե հարկային եկամուտները նախատեսվածից պակաս լինեն, ապա, ըստ անհրաժեշտության, հավելյալ պետական պարտք էլ կներգրավվի, բայց ծրագրերը չեն կրճատվի:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Մենք անհրաժեշտություն ենք ունենալու նաև առաջիկա տարիներին ներգրավել փոխառու միջոցներ, որովհետև դրանք այն շատ դեպքերում արտոնյալ զարգացման ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցներն են, որոնք պետք է հնարավորություն տան ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, տնտեսության կարևոր ճյուղերում՝ այդպիսով բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը:
2021-ի վերջին պետական պարտքը կազմել էր 8 մլրդ 768 մլն դոլար: Մակրոտնտեսական կայունությունը երաշխավորելու համար հավելյալ պարտք ներգրավելու հարցերը կառավարությունը քննարկում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ շեշտեց Խաչատրյանը: Ամենածանրն այս տեսանկյունից 2020-ն է եղել, երբ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 63.5 տոկոս է կազմել: 2021-ն արդեն ամփոփվեց 60.3 տոկոս-ով, իսկ այս տարվա համար նախարարը չշտապեց հստակ կանխատեսում անել:
Տիգրան Խաչատրյան - Հնարավոր է, որ տարվա ավարտին ունենանք պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ որոշակիորեն գերազանցող ցուցանիշ, նախատեսել էինք 60.2 տոկոս, կլինի դրանից մի քիչ բարձր:
Ներկայացնելով Կառավարության հնգամյա ծրագրի 2021 թվականի կատարողականը՝ Խաչատրյանը նշեց՝ անցած տարի կապիտալ ծախսերի բարձր ցուցանիշ է գրանցվել: Երկրի գլխավոր ֆինանսիստի գնահատմամբ՝ 2021-ը նաև հարկահավաքման տեսանկյունից է աչքի ընկնող՝ բոլոր տարիների ամենաբարձր հարկեր-ՀՆԱ ցուցանիշն ունենք՝ 22.7 տոկոս: Անցած տարվա ձեռքբերումներից նա առանձնացրեց նաև «Ֆիտչ», «Մուդիս» և «Ստանդարտ ընդ Փուրս» միջազգային կառույցների դրական գնահատականները: ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը հետաքրքրվեց՝ իսկ արդյոք հաշվարկվե՞լ է, թե ինչ շոկեր կկրի տնտեսությունը, որ ուղիղ կապված է արևմտյան երկրների պատժամիջոցներին բախվող ռուսական շուկային: Նախարարը կանխատեսեց՝ կնվազեն Ռուսաստանից եկող տրանսֆերտները:
Այն, որ ԿԲ-ն նվազեցրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 5,3-ը դարձնելով 1,6 տոկոս: Ըստ նախարարի՝ գլխավոր դրամատան եռամսյակը մեկ իրականացվող դրամավարկային քաղաքականության մի մասն է ու չի բացառվում, որ անորոշությունների պարզեցման դեպքում ԿԲ-ն նորից, աճի միտումով վերանայում իրականացնի:
Հանձնաժողովում մանրամասն քննարկվեց նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կատարողականը: 2021-ին 565 կմ երկարությամբ ճանապարհ է հիմնանորոգել, բարեկարգվել: Ամենամեծ ծավալի աշխատանքը՝ Հյուսիս-հարավի՝ Թալինից Գյումրի հատվածում է արվել՝ շուրջ 50 կմ, մեկ ուղղությամբ արդեն բաց է, շահագործվում է: Անցած տարվանից ակտիվ ճանապարհաշինություն է նաև Սյունիքում: Այլընտրանքային՝ ընդհանուր 77 կմ երկարությամբ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Տաթև-Աղվանի ճանապարհը, որը դարձավ գլխավոր այլընտրանքային ճանապարհը, 2 հատվածում դժվարություններ ունի, և խոչընդոտները շրջանցելու ուղղությամբ 2 նոր ճանապարհ է կառուցվում՝ Տաթև-Լծենը և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհները:
Նաև տրանսպորտային ցանցն է թարմացվում: 4-5 օրից Կոտայքում կսկսեն աշխատել 80 նոր միկրոավտոբուսներ, 70 ավտոբուս էլ շուտով կհասնի Հայաստան: Ընթացքի մեջ է նաև Էջմիածնի ցանցի ներդրումը: 2021-ին պարտադիր դարձավ նաև տեխզննումը, գործընթացը թվայնացվեց, ու այլևս որևէ մեքենա առանց ստուգման տեխզննման կտրոն չի ստանա՝ նշեց Սանոսյանը:
Նախարարն էներգետիկ ոլորտին էլ անդրադարձավ՝ 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը շահագործվեց: Թեև նախատեսվածից երկար տևեց ատոմակայանի կանգը, բայց, ըստ Սանոսյանի, այժմ 40 մեգավատտով էժան էներգիա է արտադրում:
Գնել Սանոսյան - 1995 թվականից սկսած, երբ ատոմակայանը վերագործարկվել է, աշխատել է իր հզորության 92 տոկոսի չափով, նախորդ տարվա վերագործարկումից հետո աշխատում է արդեն աշխատում է 98 տոկոս հզորությամբ:
Հրազդանում էլ նոր աղբավայր է կառուցվում, որ կփոխարինի Գեղարքունիքի ու Կոտայքի 55 աղբավայրի: Պատգամավորները հետաքրքրվեցին՝ իսկ պետությունը չի՞ նախատեսում ավելացնել իր մասնաբաժինը սուբվենցիոն ծրագրերում: Սանոսյանը նշեց՝ սահմանամերձ բոլոր բնակավայրերում Կառավարության մասնաբաժինը բարձր է 65 տոկոսից, հստակ թիրախավորում է արվում, որպես օրինակ՝ նա մանկապարտեզները նշեց:
Գնել Սանոսյան - 70 տոկոս, անկախ կմարզից, կտա Կառավարությունը, սահմանամերձի՝ 80 տոկոսը:
Այս տարի կավարտվի նաև Վեդիի ջրամբարի շինարարությունը, 15 փոքրն էլ կկառուցվի: Առաջնայինը հինգն են՝ երեքը՝ Գեղաքունիքում, երկուսը՝ Սյունիքում: