Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկու միջև բանակցություններն անհրաժեշտ են, սակայն դրանց կազմակերպումն անհնար է առանց Մոսկվայի համար առանցքային հարցերի հստակության։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն։
«Պուտինի և Զելենսկու հանդիպումն անհրաժեշտ է, բայց դա կլինի, երբ հստակություն ունենանք բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Ռուսական կողմի համար առաջնահերթություն են մնում Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների, Ղրիմի թերակղզու կարգավիճակները, Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման հարցերը։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթացի մասին, սակայն կարևոր է համարել դեմ առ դեմ հանդիպումը Ստամբուլում։ Նա նշել է, որ դա կողմերին հնարավորություն կտա բովանդակային առումով ավելի հարուստ երկխոսություն վարել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ներկայումս իշխանությունները հավատարիմ են բանակցությունների հետ կապված մանրամասներ չհրապարակելու քաղաքականությանը։