Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական Haber Global հեռուստաընկերությունը, հղում անելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները։
«Իրականությանը չի համապատասխանում նաև նշված հրապարակման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: