Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի և մյուսների գործով դատավճիռը:
Նրանք դատարանի դահլիճից ազատ են արձակվել:
Ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ապօրինի ձեռնարկատիրության և ընդերքի պահպանման, օգտագործման կանոնները խախտելու հոդվածներով Առուշ Առուշանյանը արդարացվել է։
Մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության համար։
Դատարանը որոշել է Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, տուգանել նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 ամիս 18 օր ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվի:
Առուշանյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Գորիս համայնքի ղեկավարը կալանավորված էր 2021 թվականի հուլիսից: