9 ամիս կալանքի տակ մնալուց հետո այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց նրա, Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի և մյուսների գործով դատավճիռը: Առուշանյանը մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ինքնիրավչության հոդվածներով:
Գնել Գասպարյան (դատավոր) - Նշանակված պատիժները լրիվ գումարել և Առուշ Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 6 ամիս 18 օր ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 700-ապատակի չափով և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկել 5 տարի ժամկետով:
Առուշանյանը, սակայն, արդարացվեց ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հոդվածներով:
Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվեց, և սահմանվեց 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան։
«Ամբաստանյալ Առուշ Առուշանյանին պաշտպանի միջնորդությունը բավարարել և ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել, Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը և վերջինիս անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից»:
Դատավճռով՝ Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը արդարացվեց ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, հավաքների անցկացնելուն կամ դրանց իրականացնելուն խոչընդոտելու հոդվածներով, այսինքն` իրեն վերագրվող բոլոր արարքներում:
Ամբաստանյալ Հարութ Լալազարյանը և Էրիկ Աղաջանյանը մեղավոր ճանաչվեցին Արթուր Գյուրջյանի դիտավորությամբ առողջությանը միջին վնաս պատճառելու հոդվածով, նրանց նկատմամբ որպես պատիժ 1 տարի ազատազրկում նշանակվեց, և այն պայմանականորեն չկիրառվեց. դատարանը նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակեց 1 տարի 3 ամիս ժամկետով։
Ամբաստանյալ Սամվել Դինունցն ու Հրայր Բաղդասարյանն անմեղ ճանաչվեցին ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու հոդվածներով: