ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ գորշ արջերի՝ համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում։
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական կազմակերպությունների կողմից ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում արջի հարձակումների և քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերաբերյալ։
«Հիմնախնդիրը լուրջ է, քանի որ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին սպառնացող, ինչպես նաև բնապահպանական կարևոր բաղադրիչներ, այդ իսկ պատճառով գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
Խնդրին լուծումներ տալու նպատակով նախարարությունում պարբերաբար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդակցություններ են հրավիրվում։
Տեղեկացնենք, որ վաղը ահազանգի վերաբերյալ խորհրդակցություն կհրավիրվի համայնքի ներկայացուցիչների, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հիշեցնենք նաև, որ գորշ արջը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» և կենդանուն սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ»,- հայտնում են նախարարությունից։