«Օսկար» 94-րդ մրցանակաբաշխությունը հանդիսատեսը կհիշի ոչ միայն նրանով, որ դրա մասնակիցները մեկ րոպե լռությամբ համերաշխություն հայտնեցին Ուկրաինայի ժողովրդին, այլև միջադեպի համար, որ տեղի ունեցավ բեմու հաղթողներից մեկի՝ դերասան Ուիլ Սմիթի մասնակցությամբ։
Երեկոյի ինտրիգներից մեկը, բացի հաղթողների մասին հայտարարումից, պետք է լիներ Ուկրաինայի նախագահ Զելենսկու կոչը՝ ուղղված տոնակատարության մասնակիցներին: Որոշ դերասաններ, մասնավորապես՝ Շոն Փենը, խոստացել էին հալեցնել նախկինում շահած բոլոր արձանիկները, եթե Զելենսկուն խոսք չտրամադրեն։
Ուկրաինայի նախագահի ուղերձն այդպես էլ չկայացավ, սակայն արարողության ընդմիջման ժամանակ կազմակերպիչները էկրաններին ցուցադրեցին կինոակադեմիայի պաշտոնական հայտարարությունը և խնդրեցին հանդիսատեսին՝ մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում զոհերի հիշատակը։
Երկրորդ ինտրիգը կապված է դերասան Ուիլ Սմիթի հետ, որը լավագույն դերասան ճանաչվեց «Ռիչարդ արքան» կենսագրական դրամայում Սերենա և Վինուս Ուիլյամսների հոր կերպարի համար։ Ավելի վաղ՝ մարտին, Սմիթն այդ դերի համար արժանացել էր նաև Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի գլխավոր մրցանակին՝ BAFTA-ին։
Սմիթը դուրս է եկել բեմ և հարվածել հաղորդավար, կատակերգու Քրիս Ռոքին՝ իր կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի մասին կատակի պատճառով։ Ջադան մրցանակաբաշխությանը ներկայացել էր շատ կարճ կտրած մազերով, ինչի պատճառը իրականում մազաթափությունն է: Հաղորդավարն էլ կատակով ասել էր, թե անհամբեր սպասում է «Զինվոր Ջեյն-2-ի» թողարկմանը։
Ավելի ուշ՝ մրցանակը ստանալիս, Սմիթը ներողություն է խնդրել արարքի համար։
Այս տարի Օսկարի լավագույն դերասանուհու կոչմանն արժանացավ Ջեսիկա Չեսթեյնը «Թեմմի Ֆեյի աչքերը» ֆիլմում գլխավոր դերի համար:
«Լավագույն ռեժիսոր» մրցանակը երկրորդ տարին անընդմեջ շնորհվեց կին ռեժիսորին։ Այն տրվեց նորզելանդուհի Ջեյն Քեմփիոնին՝ «Շան իշխանությունը» ֆիլմի համար։
Երեկոյի գլխավոր՝ «Լավագույն կինոնկար» մրցանակին արժանացավ «CODA. խուլ ծնողների երեխան» ֆիլմը։