ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին և այն հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
«Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ասեմ, որ գործընթացները շարունակվում են: Մենք պարբերական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին՝ ՌԴ մեր գործընկերների հետ են բանակցությունները: Շարունակում ենք պնդել, որ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր:
Մյուս կողմից, մի շարք միջազգային, հումանիտար առաքելություն իրականացնող կառույցների պարբերաբար ներկայացնում ենք իրավիճակն Արցախում»,- ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավորը նշեց, որ ինչպես ռուս խաղաղապահների, այնպես էլ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ պատշաճ քննություն է ակնկալվում:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմի հայտարարություններն ավելի են սադրում իրավիճակը և չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը:
«Մենք արձանագրում ենք, որ խախտվել են նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող բոլոր պայմանավորվածությունները: Մեր պահանջը և հորդորն է մեր գործընկերներին, որ խաղաղապահ ուժերը կարողանան ամբողջությամբ իրականացնել իրենց առաքելությունը, ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը: Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր»,- ասաց Հովհաննիսյանը: