ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է՝ նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները հետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից:
Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում:
Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:
Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ծանոթագրություն կցված քարտեզների.
Երկու քարտեզում էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից:
2022 թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան:
2022 թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09:00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր: