Ադրբեջանական ստորաբաժանումները պետք է վերադառնան ելման դիրքեր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Մի բան հստակ է՝ նոյեմբերի 9-ի այն դիրքերով, որ կանգնել էին, այդ դիրքերը խախտվել են՝ թե՛ գյուղի, թե՛ բարձունքի ուղղությամբ: Եվ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր: Սա շատ հստակ է»,- ասաց Գնել Սանոսյանը:
Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։
«Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ: