Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի ու ևս 7 անձի գործով դատաքննությունն այսօր սկսվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ՝ մեղադրող դատախազ Գուրգեն Մադոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ըստ մեղադրանքի՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ճշտել Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի, ինչպես նաև թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության հողատարածքները, սահմանները ճշտել, առանձնացնել հողակտորներ՝ հետագայում դրանք իր մերձավորներին օտարելու նպատակով:
Գուրգեն Մադոյան (մեղադրող դատախազ) - Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդներով շուկայականից էականորեն ցածր արժեքով միջնորդավորված եղանակով օտարվել է Տարոն Մարգարյանի սանիկին և նույն դպրոցի տնօրեն Կարինե Նորիկյանի ամուսնուն:
Մարգարյանը, սակայն, պնդեց, որևէ հակաիրավական արարք, առավել ևս հանցագործություն չի կատարել, նշեց՝ հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար:
Տարոն Մարգարյան (ԱԺ պատգամավոր, մեղադրյալ) - Մեղադրանքում առկա են մի շարք ձևակերպումներ, անհասկանալի, անորոշ և խիստ թերի, ինչի պատճառով ինձ համար պարզապես անհասկանալի է մեղադրանքի էությունը, պարզ չէ, թե ինչ գործողություններ կատարելու կամ չկատարելու համար եմ ես մեղադրվում:
Մեղադրող դատախազն էլ պնդեց՝ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունների հետևանքով պետությանը ծանր վնաս է պատճառվել։ Այնուհետև դատախազը հրապարակեց Արման Սահակյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության եզարափակիչ մասը: Ըստ մեղադրանքի՝ Սահակյանը, զբաղեցնելով Պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, չարաշահել է իր լիազորությունները: Բացի այդ, լինելով թիվ 185 հանրակրթական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, տնօրենին առաջարկել է տարածքը բարեկարգելու համար կատարել սահմանների ճշտում և դուրս բերել ստորգետնյա ավտոտնակները: Դիմումը քաղաքապետարան ուղարկելուց հետո, բացի ավտոտնակներից, դպրոցի սահմաններից դուրս են բերվել ևս 2 հողակտոր:
Սահակյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց:
Արման Սահակյան (Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, մեղադրյալ) - Մեղադրանքը անհիմն է և ապօրինի:
Դատախազը հրապարակեց նաև մյուս ամբաստանյալների մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը. նրանցից շատերը քաղաքապետարանի ներկա և նախկին աշխատակիցներ են:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան