ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են. պատվիրակությունները հանդիպում են ամեն օր՝ էկրանից այն կողմ. տեսակոնֆերանսի ձևաչափով. ձևաչափի ընտրության նպատակը կողմերի ժամանակը խնայելն է, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մեկնաբանությունն է: Նա չի ցանկացել բացել բանակցությունների արդյունքների փակագծերը: «Դրանք լռություն են պահանջում» կարծում է Մեդվեդևը: Իսկ բանակցություններից Մոսկվայի ակնկալիքի մասին Անվտանգության խորհրդի փոխնախագահը հստակ է արտահայտվում:
Դմիտրի Մեդվեդև (ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ) - Այս բանակցությունների նպատակը պարզ է՝ ամրագրել ռազմական հատուկ գործողության արդյունքները, մասնավորապես՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, երկրի ապառազմականացումը, նացիստական գաղափարական օրենքների մերժումը:
Բանակցություններից Կիևը ակնկալիքը նույնպես հստակ է՝ պետք է երաշխավորվի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովվի տարածքային ամբողջականությունը։ Վոլոդիմիր Զելենսկին իր ելույթում հստակեցրել է, որ այլ բան Ուկրաինայի ժողովուրդը չի ընդունի:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Խոսել իմաստալից, շտապ, ազնիվ և հանուն արդյունքի, այլ ոչ թե ժամանակ ձգելու համար, արդեն 16 000 ռուս զինվորական է զոհվել, ինչի՞ համար: Սա ո՞ւմ է ինչ տալիս: Խոսակցությունը պետք է լուրջ լինի, պայմանները պետք է լինեն արդար, քանի որ ուկրաինացի ժողովուրդը պարզապես այլ բան չի ընդունի:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԱՄՆ-ԻՑ
Բանակցությունների ընթացքն ու ոչ միայն՝ ԱՄՆ նախագահի հետ քննարկել են Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Ջո Բայդենը Լեհաստանում հանդիպել է Դմիտրո Կուլեբայի և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինան անվտանգության լրացուցիչ խոստումներ է ստացել Միացյալ նահանգներից՝ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման համար:
Դմիտրո Կուլեբա (ՈՒկրաինայի ԱԳ նախարար) - Ջո Բայդենը հաստատեց, որ Միացյալ Նահանգները կլինի Ուկրաինայի կողքին ամեն ինչում, բացարձակապես ամեն ինչում՝ մինչև մեր հաղթանակը: Ոչինչ չի ստիպի ԱՄՆ-ին երես թեքել Ուկրաինայից կամ թուլացնել աջակցությունը մեր երկրին։ Ընդհակառակը, այդ աջակցությունը միայն կաճի։ Մեր ամերիկացի գործընկերների հետ էլ քննարկել ենք մեր գործակցության հստակ ու կոնկրետ քայլերը:
ՌԴ-ԻՆ ԽԻՍՏ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ. ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ
Ուկրաինային Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներով աջակցելու խոստում է տվել Եվրամիությունը: Ռուսաստանին խիստ պատժամիջոցներ են սպասում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը: Խոսելով հատուկ գործողության մասին՝ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է, որ դա լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ամբողջ աշխարհում պարենային անվտանգության վրա։ Նա տեղեկացրել է, որ Եվրամիության երկրների առաջնորդների գագաթնաժողովում որոշվել է այս տարվանից աստիճանաբար նվազեցնել Ռուսաստանից բնական գազի ձեռք բերումը: Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ այդ ուղղությամբ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ «աննախադեպ» գործակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՁԵՐ ՋԱՆՔԵՐԻՑ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ռուսական գազից հրաժարվելու կոչեր են հնչել այսօր «Դոհա ֆորում»-ի բացման արարողության ժամանակ: Վոլոդիմիր Զելենսկին էներգիա արտադրող երկրներին կոչ է արել ավելացնել արդյունահանումը, որպեսզի Ռուսաստանը չկարողանա օգտագործել իր նավթագազային հարստությունը՝ այլ ազգերին «շանտաժի ենթարկելու» համար: «Եվրոպայի ապագան կախված է ձեր ջանքերից»,-հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը:
Դոհայից արձագանքել են՝ ոչ ոք չի կարող անհապաղ փոխարինել Եվրոպա ռուսական էներգիայի մատակարարումը: Ելույթ ունենալով Դոհայի ֆորումում` Կատարի էներգետիկայի նախարարը նշել է, որ Ռուսաստանից Եվրոպա եկող կապույտ վառելիքի ծավալը չափազանց մեծ է կարճաժամկետ հեռանկարում այն փոխարինելու համար:
Սաադ Ալ Կաաբի (Կատարի էներգետիկայի նախարար) - Ռուսաստանից Եվրոպա եկող գազը մի գիշերվա ընթացքում փոխարինելն անհնար է. դրա համար ժամանակ է պետք: 15 միլիարդ խորանարդ մետրը բավական մեծ ծավալ է, և ես կարծում եմ, որ դա փոխարինելու համար Ձեզ շատ խաղացողներ են պետք ամբողջ աշխարհում: