Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության մեջ արված փոփոխությունները փորձագետները ներկայացրել են Շիրակի մարզի աշխատանքային միգրանտներին: Ծրագիրն իրականացնում է Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով անդրազգային ցանցը:
Տաթև Բեժանյան («Հայկական Կարիտաս» ՀԿ փորձագետ) - Թե՛ օրենսդրության փոփոխության պատճառով, թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի, ահագին դժվարացել է այնտեղ մեկնելը, և հիմա ուզում ենք հասկանալ՝ տրամադրություններ կան, ցանկություն մեկնելու, եթե այո՝ խորհրդատվություն, եթե ոչ՝ ապա ի՛նչ ակնկալիքներ ունեք:
ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջով՝ աշխատելու նպատակով իր երկիր մեկնած օտարերկրացին պարտավոր է անցնել բուժզննում, հանձնել մատնահետք, ունենալ բժշկական ապահովագրություն։
Տաթև Բեժանյան - Եթե անձը 30 օրվա ընթացքում չի հասցնում անցնել այս պրոցեսը՝ բուժզննում, մատնահետք, իր ռեգիստրացիան չեղարկում են։ Նույնիսկ այն դեպքում, երբ անձն ունի մեկ տարվա ռեգիստրացիա և չի անցնում, անձը կդառնա անօրինական:
Շիրակի մարզի Սարատակ համայնքում հասցրել են ծանոթանալ բոլոր փոփոխություններին:
Հենրիկ Հովհաննիսյան (Սարատակ համայնքի բնակիչ) - Այն եզրակացության եկանք, որ բուժզննում, մատնահետք՝ ամեն ինչ անելու ենք, որ հարյուր տոկոսով կարողանանք մնանք, աշխատենք:
Փորձագետը հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրներին՝ ռուբլու փոխարժեքի նվազմանը։ Չնայած խնդիրներին՝ կան գյուղացիներ, որոնք մտադիր են մի քանի ամսից մեկնել արտագնա աշխատանքի: Սարատակցիներից ոմանք էլ որոշել են այս տարի արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն հայրենի գյուղում հողագործությամբ զբաղվել: Թեև արդյունքների հարցում այնքան էլ լավատես չեն:
Արթուր Մարտիրոսյան (Սարատակ համայնքի բնակիչ) - Պլաններ շատ ունենք, բայց պայմաններ չունենք, պարարտանյութը շատ թանկ է՝ 20 հազար դրամ:
Փորձագետներն այս օրերին խորհրդատվություն են տրամադրում նաև Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտներին։ Ըստ Տաթև Բեժանյանի՝ եթե մեկ ամիս առաջ իրենց դիմում էին օրենսդրական խստացումները հասկանալու համար, ապա հիմա շատ միգրանտներ մտահոգվում են, որ գործատուն չի կարողանա վճարել իրենց աշխատավարձը: