Գունավոր այս բյուրեղիկները մանկական խաղահրապարակի հատակի հումք են։ Դրանցից ստացվող ծածկերն ու վրայի ճոճանակը, սղարանն ու բասկետբոլի դաշտը տեղական արտադրանք են։ Երեխաների համար նախատեսված ժամանցային ատրակցիոնները, պարզվում է, պատրաստում են Գյումրիում, Հայաստանում տեղադրվում են հիմնականում միջազգային ծրագրերով։ Բայց արդեն նաև Վրաստան են արտահանվում։ Մեծահասակների համար էլ ֆիթնեսի սարքեր են արտադրում․ միայն պլաստիկե աքսեսուարներն են ներմուծում, մնացածն այստեղ են նախագծվում-հավաքվում։
Աստղիկ Հովսեփյան («Մագնոն» ընկերության գործադիր տնօրեն) - Խաղահրապարակի սարքերը տեղական արտադրանք են, հենց Հայաստանում, աքսեսուարը ներկված է, իսկ ռետինե ծածկերի հումքն է ներկրվում, մնացած գործը տեղում է արտադրվում:
Արտավազդ Նալբանդյան (hatak.am ընկերության տնօրեն) - Նայեք՝ հումքը մենք ներկրում ենք՝ կաուչուկ ա կամ ռետինե ջարդոն, իսկ արդեն արտադրանքը, որ ստանում ենք, Հայաստանում ենք ստանում:
Բակերում կահավորվող մանկական խաղահրապարակից մինչև հիմքից տանիք՝ շինարարությանն անհրաժեշտ տարբեր նյութեր՝ երեք օր շարունակ Երևանում ցուցադրվում էր այն ամենը, ինչ անհրաժեշտ է կառուցապատման ու նորոգումների համար։ Տաղավարներից մեկում նանոտեխնոլոգիաներով արտադրված այնպիսի ջերմամեկուսիչ է, որի 1 մմ-ը նույն էֆեկտն է ապահովում, ինչ 5 սմ-անոց պոլիպլաստը կամ հանքաբամբակը։ Նորույթով հետաքրքրված շինարարը կարծում է՝ ռուսական ընկերության այս առաջարկը կարող է շենքի ջեռուցման ու հովացման խնայողություն ապահովել՝ ամռանը շատ շոգ, ձմռանը ցուրտ Հայաստանի համար։
Մասնագիտացված EXPO-ն անցկացվում է արդեն 18-րդ անգամ։ Շինարարական ճյուղում օգտագործվող իրենց արտադրանքը տաղավարներում ներկայացնում են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, վրացական, արաբական և իրանական ընկերություններ։ Իրանական տեսականին, ի դեպ, մեր շուկայում սկսել է շատանալ։ Կոնկրետ լեդ լամպերի բիզնեսի դեպքում վաճառքից գոհ են և նախատեսում են ներմուծումը շուտով փոխարինել տեղում արտադրությամբ՝ վստահեցնում է գործարարը։
Մարգար Գաբրիելյան («Սպիկ» ընկերության գործադիր տնօրեն) - Մենք ուզում ենք հետագայում արտադրությունը տեղափոխել Հայաստան ու ստեղից ԵԱՏՄ արտահանել:
Ցուցահանդեսի այցելուները հիմնականում կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներ են, գնացուցակ ու մատակարարումների գրաֆիկ են ճշտում։ Առևտրային պայմանավորվածությունների ակնկալիքով EXPO-ում են նաև վարպետներին խողովակ, ծորակ, ջեռուցման ցանցեր առաջարկողները, ասում են՝ սպասում են շինարարական բումի իրենց հերթին։
EXPO-ն եռօրյա էր, շաբաթ երեկոյան ավարտվում է: