«Ֆիթչ» միջազգային վարկանիշային գործակալությունը համաշխարհային ՀՆԱ-ի աճի այս տարվա կանխատեսումը նվազեցրել է 0.7 տոկոսով՝ հասցնելով 3.5 տոկոսի։ Տնտեսական աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված է գնաճով և Ուկրաինայի իրավիճակով։ Եվրոյի գոտու երկրներում ակնկալվում է, որ նվազումը կլինի 1.5 տոկոս, իսկ ԱՄՆ-ում՝ 0.2: «Ֆիթչի» փորձագետների տվյալներով՝ Ռուսաստանն ապահովում է աշխարհում էներգառեսուրսների մոտ 10%-ը: Ինչ վերաբերում է բնական գազին և նավթին, ապա դրանց, համապատասխանաբար, 17 և 12 տոկոսն է ապահովում Ռուսաստանը։
Իսկ նավթի և գազի գների աճը կբարձրացնի արդյունաբերության ծախսերը և կնվազեցնի սպառողների իրական եկամուտները:
Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - «Ֆիթչի» փորձագետները էս պահի համար փորձել են հաշվի առնել հումքային ակտիվների գների էն աճը, որը արդեն իսկ տեղի է ունեցել, և փորձել գնահատել դրա ազդեցությունները համաշխարհային տնտեսության վրա: Սակայն կան մի շարք այլ գործոններ, որոնք համաշխարհային տնտեսության համար աճի նվազման ռիսկեր են առաջացնում: Էդ գործոններից են՝ լոգիստիկ շղթաների հնարավոր խաթարումները, նաև զարգացող երկրների վրա էն ազդեցությունները, որոնք կարող են փոխանցվել Ռուսաստանից, ինչպես նաև հնարավոր էներգակիրների էմբարգոյի հետևանքները:
Եվրոպայում կարող է էներգակիրների դեֆիցիտ լինել և սպառման չափակարգում՝ Ռուսաստանից մատակարարումների կտրուկ դադարեցման դեպքում: Արդյունքում՝ առաջարկի հսկայական շոկը կթուլացնի տնտեսությունների աճը և կխթանի գնաճը՝ վնասելով կորոնավիրուսի համավարակից վերականգնմանը:
Նարեկ Կարապետյան - Ընդհանուր առմամբ, արդեն տեսանելի է, որ ռիսկերը առավել մեծ են Եվրամիության համար, որոնք էներգետիկ ամենամեծ կախվածությունը ունեն Ռուսաստանի Դաշնությունից, մյուս կողմից՝ էդ ռիսկերը մեծ են էն երկրների համար, որոնք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ առևտրատնտեսական կապեր ունեն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար: Այլ զարգացած երկրների դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է, օրինակ՝ Միացյալ Նահանգները ապրանքային գների աճից շատ մեծ կորուստներ չի ունենում, որովհետև վերջինիս մոտ արտադրությունը և սպառումը հիմնականում հավասարակշռված են:
Կարճաժամկետ առումով տեսանելի չէ, թե գնաճն ինչ մակարդակի կհասնի, քանի որ դեռևս մեծ տատանողականություն կա՝ նշում են տնտեսագետները: Բայց այն, որ էներգետիկ գնաճից բացի նաև պարենային ապրանքների մեծ գնաճ կլինի՝ վստահ են:
Նարեկ Կարապետյան - Շատ բաներ կախված են, թե ինչպես կընթանա կոնֆլիկտը, ինչ կետում կհանգուցալուծվի, երբ կհանգուցալուծվի, ինչպես կիրականացվի էդ Եվրամիության էներգետիկ քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ինչ արագությամբ իրենք կփորձեն հրաժարվել, թուլացնել իրենց էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, էս գործոնները շատ մեծ դերակատարում ունեն:
Ըստ «Ֆիթչի» փորձագետների՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները վտանգի տակ են դրել էներգակիրների համաշխարհային մատակարարումները, իսկ պատժամիջոցները մոտ ժամանակներում դժվար թե չեղարկվեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան