Արսենի ձեռքի այս սավանը ռազմական նշանակություն ունի: Աշակերտը վստահ է՝ ջերմամեկուսիչ նյութից պատրաստած հանդերձանքն առաջնագծում կարող է բազմաթիվ կյանքեր փրկել:
Արսեն Ավանեսյան (Երևանի համար 139 ավագ դպրոցի աշակերտ) -
Անօդաչու սարքերը սրանք չեն կարող նկատել, քանի որ իրենց սարքերը այդքան լավը չեն, որպեսզի մեծ հեռավորությունների վրա նկատեն ջերմությունը: Իսկ մեր առաջարկած նյութը՝ գրաֆենը, շատ ուժեղ ջերմամեկուսացում ունի, այդ պատճառով կարող ենք փրկել շատ զինվորների կյանքեր:
Սավանի պատրաստման տեխնոլոգիան օրիգամին է, իսկ հումքը աշակերտները գաղտնի են պահում: Իրենց նորույթը ներկայացրել են Համադպրոցական գիտության փառատոնում՝ ֆինանսավորում գտնելու և գաղափարը կյանքի կոչելու նպատակով:
Նույն դպրոցի մեկ այլ դասարանում էլ մտածել և գտել են ջերմոցում արևային էներգիան առավել արդյունավետ օգտագործելու միջոցը: Գաղափարի հեղինակները համոզված են՝ աղաջրով և ալյումինե լարերով լցված լողավազանը, ջերմոցում տեղադրված ջերմակլանիչ պատը հնարավորություն կտան ամբողջովին բացառել ավանդական վառելիքի օգտագործումը:
Անահիտ Գրիգորյան (Երևանի համար 139 ավագ դպրոցի աշակերտ) -
Այս երկու համակարգերի միջոցով մեզ հարկավոր են երեք անգամ ավելի քիչ արևային պանելներ, որը ծախսատարությունը ավելի քչացնում է, և ավելի էֆեկտիվ է աշխատում ջերմոցը:
Բոլոր տաղավարներին մոտենալուց և երեխաների հետ զրուցելուց հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ունեն իրենց ֆավորիտները, սակայն որևէ մեկին առանձնացնել չեն ցանկանում: Լավագույն գաղափարները կընտրի գիտնականներից կազմված հանձնաժողովը: Հաղթողները Հայաստանը կներկայացնեն առցանց միջազգային մրցույթում:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) -
Ուրախ եմ, որ մոտավորապես 3 տարի առաջ ծնված այս գաղափարն արդեն արդյունքներ է տալիս, և մենք լավագույնս ներկայանում ենք նաև միջազգային փառատոներին:
Նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ արդեն երկրորդ տարին անցկացվող փառատոնի նպատակն է աշակերտներին առավել մոտեցնել գիտությանը: Դումանյանը չի բացառում որոշ գաղափարների իրագործմանը նաև պետական ֆինանսավորում տրամադրելու հնարավորությունը:
Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Եթե այդ առաջարկը իրոք ձևակերպվի սահմանված կարգով և անցնի փորձագիտական այդ փուլը, ինչու ոչ:
Համադպրոցական գիտության փառատոնի այս տարվա հաղթողների անունները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան