ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԱՐԻՈՒՊՈԼՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԱՂԵՏԱԼԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Իրավիճակը Մարիուպոլում մնում է աղետալի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ ռուս զինվորականներին մեղադրելով Մարիուպոլն արգելափակման մեջ պահելու համար: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ շաբաթվա ընթացքում արգելափակված քաղաքներից տարհանվել է 37606 մարդ, ստեղծվել է 18 մարդասիրական միջանցք: Խոսելով բանակցությունների մասին՝ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ խաղաղության համաձայնագրով պետք է ապահովվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: «Այլ բան Ուկրաինայի ժողովուրդը չի ընդունի»,- շեշտել է Զելենսկին և հավելել, որ Ռուսաստանի հետ բանակցությունները «պետք է իմաստալից լինեն»: Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի բանակի 16000 զինվոր արդեն մահացել է։ Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբից հայտնել էին, որ ռուսական կողմից զոհվել է 1351 զինծառայող:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՕՐ. ՄԵԴՎԵԴԵՎ
Ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են ամեն օր՝ տեսակոնֆերանսի ձևաչափով՝ հայտնել ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Սակայն նա հրաժարվել է խոսել բանակցությունների արդյունքների մասին՝ մեկնաբանելով, որ դրանք պահանջում են լռություն: Մեդվեդևի խոսքով՝ բանակցությունների նպատակը Մոսկվայի համար ռազմական հատուկ գործողության արդյունքների ամրագրումն է, մասնավորապես՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, երկրի ապառազմականացումը, նացիստական գաղափարական օրենքների մերժումը:
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահն անդրադարձել է նաև Մոսկվայի կողմից միջուկայի զենքի կիրառման հավանականությանը: «Կան իրավիճակներ, որոնց դեպքում Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք օգտագործելու։ Դրանք բոլորն ամրագրված են համապատասխան փաստաթղթում, և դա ցույց է տալիս երկրի վճռականությունը` պաշտպանելու իր ինքնիշխանությունը»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի նախկին նախագահը հավելել է, որ, այնուամենայնիվ, բարդ իրավիճակներում բանակցությունները լավագույն և ամենաճիշտ տարբերակն են: «Բանակցություններն իհարկե միշտ չէ, որ հաջողության են հասնում, բայց պետք է այդ ճանապարհով գնալ»,- հավելել է ԱԽ փոխնախագահը։
ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ
Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի բացերը փակելու ուղիները, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների միջոցով՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ գագաթնաժողով ժամանելուն պես։ «Որոշ երրորդ երկրներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ռուսաստանին տրամադրում են պատժամիջոցները շրջանցելու ուղիներ»,- շեշտել է նա:
ՌԴ-ԻՆ ԽԻՍՏ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ. ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ
Ռուսաստանին խիստ պատժամիջոցներ են սպասում՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը: Խոսելով հատուկ գործողության մասին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ դա լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ամբողջ աշխարհում պարենային անվտանգության վրա։ Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է ռուսական գազից կախվածության նվազեցմանն ուղղված քայլերի արագ մշակման կարևորությունը: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ «աննախադեպ» գործակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ՌԴ ՊԱՀԱՆՋԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ. ՄԱԿՐՈՆ
«Բնական գազի համար ռուսական ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջը հակասում է կնքված պայմանագրերի պահանջներին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և պարզաբանել, որ ռուսական գազի համար պետք է վճարել եվրոյով: Մակրոնի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը կստանա Եվրամիության համար գազի կենտրոնացված գնումներ իրականացնելու լիազորություն: «Խմբային գնումները, երկարատև պայմանագրերը միասին կազմելու հնարավորությունը գազի սակագինն իջեցնելու լավագույն գործիքն են»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը: Մակրոնը կարծիք է հայտնել, որ առաջիկա տարիներին պետք է էապես կրճատել ռուսական էներգակիրների ներկրումը:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՔԻՉ ԿԱԽՈՒՄ ՈՒՆԻ. ՇՈԼՑ
Ի տարբերություն եվրոպական շատ երկրների՝ Գերմանիան ռուսական գազից շատ ավելի քիչ կախում ունի՝ Բրյուսելում ԵՄ խորհրդի հետ հանդիպումից հետո ասել է Գերմանիայի կանցլերը: Օլաֆ Շոլցն իր ելույթում կրկին շեշտել է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու մասին: Գերմանիայի կանցլերը որպես հիմնական նպատակ նշել է վերականգնվող էներգիայի ընդլայնումը: Նրա կարծիքով՝ դա կօգնի նաև տնտեսությունը և էներգակիրների մատակարարումն անկախ դարձնել Ռուսաստանից: Խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին՝ Օլաֆ Շոլցը նշել է, որ Ռուսաստանն արդեն ահռելի մեծ ծախսերի է բախվել: Նա կրկին կոչ է արել Մոսկվային դադարեցնել ռազմական գործողությունը, որ ոչ պակաս վնասում է նաև հենց Ռուսաստանին:
ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽԶԵԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԸ ՌԴ-Ի ՀԵՏ
Գերմանիան, Ավստրիան և Հունգարիան չեն ցանկանում խզել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ դիրքորոշման մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին: Նրա խոսքով՝ այդ երկրների ներկայացուցիչները ձեռնպահ են մնում հեռուն գնացող հետևություններ անելուց, այդ թվում՝ Մոսկվայի հետ առևտրային կապի խզումից։ Շվեյցարիայի կառավարությունն էլ որոշել է չդադարեցնել ռուսական մի շարք լրատվամիջոցների հեռարձակումը, որոնք Եվրամիությունը որոշել է արգելափակել։ Համադաշնության ղեկավարությունը տեղեկացված է, որ «Ռուսաստանն այդ լրատվամիջոցներն օգտագործում է նպատակային քարոզչության և ապատեղեկատվության համար, սակայն, միաժամանակ, համոզված է, որ ավելի արդյունավետ է հակազդել դրանց հեռարձակմանը, քան խոչընդոտել»,- ասել է Մորավեցկին։
ԱՄՆ-Ը ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԵԼ Է ԱՄԵՆԱԿՈՇՏ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ. ԲԱՅԴԵՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում է: Ի պատասխան Ուկրաինայի վրա հարձակման՝ Վաշինգտոնը «Ռուսաստանի նկատմամբ սահմանել է պատմության ընթացքում երբևէ ընդունված ամենակոշտ պատժամիջոցները»: Բայդենը՝ չմանրամասնելով, նշել է, որ առաջիկայում դրանք դեռ կխստացվեն: Սպիտակ տան ղեկավարը Լեհաստանում այցելել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Ժեշուֆ ավան: Նա հանդիպել է նաև Լեհաստանում տեղակայված ամերիկյան 82-րդ դեսանտային դիվիզիայի զինծառայողների հետ, նրանց հետ պիցցա ճաշակել: