ՌԴ ԶՈՒ-Ն ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՊԱՀԵՍՏ Է ՈՉՆՉԱՑՐԵԼ
ՌԴ ԶՈՒ-ն Կիևից դեպի արևմուտք գտնվող Ժիտոմիրի մարզում «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել է զինամթերքի պահեստ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ ՊՆ-ի տվյալներով` մարտական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ոչնչացվել է 267 ԱԹՍ,1618 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ։ Բացի այդ, ոչնչացվել է 166 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 662 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 1453 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ մեկ օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 117 ռազմական օբյեկտ։
ՎԵՏԵՐԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը մարտական վետերանի կարգավիճակ է շնորհում Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Օրենքը սահմանում է զինվորական անձնակազմի, ինչպես նաև այն իրավապահ և անվտանգության մարմինների աշխատակիցների համար վետերանի և ռազմական գործողությունների հաշմանդամի կարգավիճակ, ովքեր առաջադրանքներ են կատարում Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի տարածքում: Օրինագծի ֆինանսատնտեսական հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնության իրականացումը կպահանջի լրացուցիչ ֆինանսավորում դաշնային բյուջեից, որը, ըստ պաշտպանության նախարարության նախնական գնահատականների՝ 2022 թվականին կկազմի մոտ 5 մլրդ ռուբլի։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ 4.3 ՄԼՆ ԵՐԵԽԱ ԴԱՐՁԵԼ Է ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ. ՄԱԿ
Ուկրաինայում մեկ ամսվա ընթացքում 4 միլիոն 300 հազար երեխա դարձել է ներքին տեղահանված՝ հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը: Կառույցի հրապարակած տվյալների համաձայն՝ Ուկրաինայում 7,5 միլիոն երեխաներից 4,3 միլիոնը տեղահանվել են, որոնցից 1,8 միլիոնը լքել են երկիրը։ «Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երեխաների ամենամեծ զանգվածային տեղաշարժերից մեկն է. սա կարող է տևական ազդեցություն ունենալ ապագա սերունդների վրա: Երեխաների անվտանգությունը, բարեկեցությունը և հասանելիությունը հիմնական ծառայություններին վտանգված են ներկայիս սարսափելի բռնության պատճառով»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրեն Քեթրին Ռասելը: Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 78 երեխա, վիրավորվել՝ 105-ը, թեև սրանք միայն ՄԱԿ-ի հաստատած դեպքերն են։
ԱՄՆ-Ը ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջին խմբաքանակն է հասցրել 800 միլիոն դոլարի ռազմական օգնության խոշորագույն փաթեթի շրջանակներում՝ հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը: Ավելի վաղ Ուկրաինային 800 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահը: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ առաջիկա երեք օրերի ընթացքում սպասվում է երեք լրացուցիչ չվերթ:
ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԻՆ
Դիվանագիտական ջանքերին հոգևոր նախաձեռնությամբ միացել են նաև համաշխարհային հոգևոր առաջնորդները: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում իրականացրել է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություն: Այն կոչվում է Ուկրաինայի և ՌԴ նվիրագործում Մարիամ Աստվածածնին: Հոգևոր առումով մեծ նշանակություն ունեցող կարգի նպատակն են աշխարհը պատերազմի արհավիրքից հեռու պահելը և մարդկանց միջև համերաշխությունը վերականգնելը: Ֆրանցիսկոս Պապից բացի, Ռուսաստանին Մարիամ Աստվածածնին նվիրագործում է իրականացրել Պիոս XII պապը 1952 թ.:
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան, Մերի Ներսիսյան