Հայաստանում հայտարարատու է առնվազն 35 հազար անձ, 9 հազարը բարձրաստիճան պաշտոնյա են: Այս տարվանից պարտադիր է դարձել նաև հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերի տարեկան հայտարարագրումը, ընդլայնվել է հայտարարագրվող գույքի շրջանակը:
Գյուլնարա Սարգսյան (ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման վարչության պետ) - Մինչև օրենսդրական փոփոխությունները, հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամները երբևէ չեն կրել պարտականություն՝ ներկայացնելու իրենց կողմից փաստացի ներկայացվող գույքի մասին տեղեկություններ: 2022-ի հունվարի 1-ից ներկայացվող 2021-ի տարեկան հայտարարագրում պարտադիր է ինչպես ծախսերի մասին տվյալների հայտարարագրումը, այնպես էլ հայտարարատու անձանց կողմից փաստացի տիրապետվող, մասնավորապես, անշարժ գույքի, թանկարժեք գույքի, տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների ներկայացումը:
Հանձնաժողովն իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ հայտարարագրերը վերլուծելիս գույքի փաստացի տիրապետումը ստուգելու, անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հիշեցնում են՝ տարեկան հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 31-ն է։
Գյուլնարա Սարգսյան - Երբ սահմանված ժամկետում չեն ներկայացնում, հանձնաժողովը գրավոր ծանուցում է այդ մասին, և գրավոր ծանուցումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագրերը չներկայացնելու դեպքում արդեն հանձնաժողովի համար հիմք է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցելու և, գործի քննության արդյունքներից ելնելով, տույժի միջոցների համար:
2021-ին հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ հարուցվել է 42 վարույթ, 30-ը՝ գրավոր ծանուցումից հետո հայտարարագրերը չներկայացնելու, 10-ը՝ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, 2-ը՝ հայտարարագրերը պահանջների խախտմամբ ներկայացնելու համար:
Գյուլնարա Սարգսյան - Երկուսի դեպքում հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից այդպես էլ չեն ներկայացվել, նյութերը ներկայացվել են այս տարի գլխավոր դատախազություն՝ հանձնաժողով դիտավորությամբ հայտարարագրերը միտումնավոր չներկայացնելու ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Տաթևիկ Ռուբենյան (ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման վարչության գլխավոր իրավաբան) - Նախորդ տարի հայտարարատուն սխալ տվյալներ էր լրացրել, ինքն էր բացահայտել: Զանգահարել էր, բացատրեցինք, որ եթե դուք եք հայտնաբերել, կարող եք դիմել հանձնաժողովին, դիմումը կքննարկվի, բավարարելու դեպքում կթույլատրվի սխալ տեղեկությունները ճշտել, որ այս տարվա հետ իրավական խնդիր չառաջանա:
Հանձնաժողովից հորդորում են՝ չսպասել վերջնաժակետին. հաշվի առնելով, որ հայտարարագրման ենթակա տեղեկությունները շատ են, իրականացնեն նախապես անհրաժեշտ հարցումները, ներկայացնեն ստույգ, հավաստի տվյալներ՝ խուսափելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված պատասխանատվությունից: