Հին ալեքպոլցի Գառգալոյանների առանձնատունը շուրջ մեկ դար Գյումրիում ծառայում է որպես կրթական հաստատություն։ «Կումայրի» արգելոցում գտնվող յուրահատուկ կոլորիտով կառույցը գրավում է նաև Գյումրի այցելած զբոսաշրջիկներին։ Սովորաբար տուրիստներին դիմավորում ու շենքի մասին պատմում է դպրոցի գիշերապահը՝ Տիգրան Խլղաթյանը։
Վարժարանի տնօրեն Նաիրա Թադևոսյանինն է դպրոցի ներսում շենքի պատմության թանգարան հիմնելու գաղափարը։
Նաիրա Թադևոսյան (Գյումրու 1-ին վարժարանի տնօրեն) - Մտածեցինք՝ սերունդներին հանձնենք, այս հատվածում ձևավորենք շենքի պատմության թանգարան: Գաղափարը ավելի հեռուն գնաց, նախ՝ կամրապնդվի կրթություն-մշակույթ կապը, դպրոցը կդառնա համայնքային կենտրոն և ավագ դպրոցի կարևոր առաքելություններից մեկը, մասնագիտական կողմնորոշումը։
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին ևս գաղափարը դուր է եկել, այցելել է դպրոց, տեղում քննարկել են, տեղական միջոցներից հատկացում կարվի։
Թադևոսյանին հաջողվել է գտնել նաև առանձնատան տերերի՝ Գառգալոյանների սերունդներին, լուսանկարներ, փաստաթղթեր են փոխանցել, որոնք ապագա թանգարանի համար ցուցանմուշներ կլինեն։
Նաիրա Թադևոսյան - Սրանք 41-42 թթ. դպրոցի ատեստատներն են: Սա էլ Ասատուր Գառգալոյանի անձնագիրն է։
Ցուցանմուշների հավաքումը դեռ շարունակվում է, կցուցադրվեն նաև Ալեքսանդրապոլի մշակույթը, կենցաղն ու սովորույթը բացահայտող այլ նմուշներ։ Ավելի քան մեկդարյա կառույցը լուրջ վթարային էր դարձել երկրաշարժից հետո, այն ամրացվել է, բայց շենքի պատշգամբը դեռ Ասատուր Գառգալոյանի ձեռքի գործն է։ Բազմիցս դիմել են նորոգելու համար։ Վերջապես դրական պատասխան են ստացել։
Նաիրա Թադևոսյան - Փայտե պատշգամբի նորոգման համար անհրաժեշտ 43 մլն դրամը, կարծում եմ՝ շուտով հատկացումը կլինի:
Նախաձեռնության հեղինակները խոստանում են՝ կարճ ժամանակում վարժարանը կդառնա Գյումրու ամենատպավորիչ անկյուններից մեկը։