Մարտի 26-ին՝ ժամը 05.08-ից, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, մեկը մյուսի հետևից ահազանգեր ստացվեցին, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում:
Երբ ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն արդեն ճանապարհին էր, օպերատիվ կառավարման կենտրոնում կրկին ահազանգ ստացվեց։
Զանգողը ստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայող էր։ Ոստիկանության ավագը հայտնում էր, որ նկատել է դեպի Ալեք Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ շարժվող ինքնաձիգով զինված քաղաքացու։ Ոստիկանը, չլինելով ծառայության մեջ, հետապնդել է նրան, ապա կանգնեցնել ու սկսել է բանակցել։ Արդյունքում՝ տղամարդն ինքնաձիգը ոստիկանին է հանձնել։
Դեպքի վայր մոտեցած պարեկները վերցրել են ինքնաձիգը և 30-ամյա տղամարդուն բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Բաժնում պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել։
Այգեստանի 9-րդ փողոցի՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի 8 պարկուճ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և կրակոցների հետևանքով վնասված «Մերսեդես» մակնիշի մեքենա: Տղամարդուց վերցված ինքնաձիգը լիցքավորված էր 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտով:
Նրա մոտ հայտնաբերվել է նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: