Հունգարիան չի ցանկանում ներքաշվել ուկրաինական հակամարտության մեջ, քանի որ դա հակասում է երկրի շահերին։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Միանգամայն հասկանալի է, որ ուկրաինացիները խնդրում են, որ ՆԱՏՕ-ի երկրները պատերազմի մեջ մտնեն օդում և զենք ուղարկեն: Մենք ուկրաինացի չենք և ռուս էլ չենք, մենք հունգարացի ենք»,- ասել է Օրբանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մեղադրանքները։
Նրա խոսքով՝ Բուդապեշտի դիրքորոշումն այն է, որ հունգարացիները չպետք է անտարբեր մնան հարևան երկրում հակամարտության պատճառով մարդկային տառապանքների նկատմամբ, սակայն իրավիճակին պետք է նայեն Հունգարիայի աչքով:
Խոսելով էներգետիկ ոլորտում Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին՝ Հունգարիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Մոսկվան կարող է անգամ չնկատել դրանք: Նա հավելել է, որ էներգետիկ ոլորտում պատժամիջոցների ընդլայնումը խաղաղության հասնելու լավագույն միջոցը չէ. անհրաժեշտ է գտնել դիվանագիտական լուծումներ:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին Օրբանին մեղադրել էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելու, ինչպես նաև Հունգարիայի տարածքով Ուկրաինայի համար զենքի տարանցման հարցում տատանվելու համար: