ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ ուկրաինացի պաշտոնյաները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ, ապա՝ ԱՄՆ նախագահի: Բայդենի հետ բանակցությունները տևել են մոտ կես ժամ։ Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կփոխեն 21-րդ դարի պատմությունը:
Կողմերը քննարկել են հակառուսական պատժամիջոցները, ՌԴ գործարարների և քաղաքական գործիչների նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև ռազմական աջակցությունը Կիևին:
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է նաև, որ հանդիպմանն ուկրաինական կողմը կրկին բարձրացրել է ռուսական նավերի համար ամերիկյան և եվրոպական նավահանգիստների փակման հարցը: Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Ռուսաստանի բոլոր քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ Կիևի առաջարկը: